16:30 | 23.04.21 | IT պատանիներ | exclusive 28444

IT պատանիներ. 11-ամյա Արթուրի ստեղծած «լսող» ռոբոտն ու մյուս տեխնիկական նախագծերը

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

Այս անգամ պատմում ենք 11-ամյա Արթուր Ստեփանյանի մասին, որը IT-ով սկսել է հետաքրքրվել դեռեւս նախադպրոցական տարիքից:

«Լսող» ռոբոտ եւ դրոն

«Вперёд (Առա´ջ)», -այսպես Արթուրը հրաման է տալիս անվավոր ռոբոտին, որն էլ bluetooth մոդուլի շնորհիվ հասկանում է այն ու առաջ շարժվում:

«Ձայնային կառավարմամբ այս ռոբոտը շարժվում է 4 ուղղություններով: Այն կարելի է կառավարել մինչեւ 10 մետր հեռավորությունից: Հնարավոր է վրան տեսախցիկ տեղադրել, որով ռոբոտը կկարողանա տեսնել դիմացի արգելքներն ու չգնալ այդ ուղղությամբ»,- պատմում է Արթուրը:

photo © Մեդիամաքս


Նրա խոսքով՝ տեխնոլոգիաներով սկսել է հետաքրքրվել դեռեւս նախադպրոցական տարիքից:

«Դեռ դպրոց չէի հաճախում, երբ արդեն կարողանում էի հեռախոսի կարգավորումները փոխել, այնպես անել, որ չկարողանան հեռախոսին հետեւել, անտիվիրուս էի տեղադրում: «Ղողանջ» կենտրոնում գործող «Արմաթ» խմբակ եկել եմ 9 տարեկանում: Այստեղ 10 տարեկանից սկսած են ընդունում, բայց փորձնական փուլ անցա ու մնացի շարունակելու»,- պատմում է Արթուրը:

11-ամյա տղան նախքան «Արմաթ» հաճախելն էլ ինքնուսուցմամբ էր զբաղվում. համացանցով ռոբոտներ պատրաստել էր ուսումնասիրում, ձեռք բերում անհրաժեշտ մասերն ու ինքնուրույն փորձում:

photo © Մեդիամաքս


«Հիմա էլ դրոն եմ սարքում, իմ ամենասիրելի նախագիծն է: Դեռ պատրաստման ընթացքում է: Այն հեռակառավարման վահանակով է կառավարվելու: Մոդելը համացանցից եմ վերցրել, սակայն հիմա այն ադապտացնում ու կատարելագործում եմ: Երբ ինքնուրույն չեմ կարողանում, ընկեր Հայկն ու խմբակից ընկերներս են օգնում»:

Կայքեր ու անվտանգության համակարգեր

Արթուրը ցանկանում է հետագայում վաճառել իր պատրաստած ռոբոտներն ու համակարգերը: Դրա համար արդեն իսկ կայք է պատրաստել HTML եւ CSS լեզուներով:

«Նախկինում էլի եմ կայքեր պատրաստել: Ֆեյսբուքի նման մի կայք ունեի, հետո մեջը վիրուս ընկավ, փակվեց»,- ծիծաղով հիշում է Արթուրը:

photo © Մեդիամաքս


Նրա նախագծերից է նաեւ տագնապի ազդարարման համակարգը, որը տեսախցիկի միջոցով որոշակի հեռավորության վրա օբյեկտ նկատելու դեպքում ահազանգում է:

«Այդ համակարգը պատրաստել եմ Arduino Uno-ով: Բացի այդ, մեկ այլ ահազանգող սարք էլ եմ նախագծել: Այն կարելի է դնել նկուղում, որ երբ նկուղում ջուր լցվի, սարքի տվիչը (датчик) հաղորդի համակարգին, որ թաց է տեղանքը, ու համակարգը փոխի լույսի գույնը: Կարող եմ նաեւ սարք տեղադրել, որն էլ արդեն բարձր ձայն կհանի՝ մարդկանց ահազանգելու համար»,- պատմում է նա:

photo © Մեդիամաքս


«Անհնար ոչինչ չկա»

Իր տեխնոլոգիական հմտությունները Արթուրը նաեւ տանն է օգտագործում: Ծաղիկները ջրելու համակարգ էր ստեղծել, որն ավտոմատ ջրում էր ծաղիկները, երբ հողը չոր էր լինում:

«Հիմա փորձում եմ ավելի լավ սովորել Arduino-ն, Python-ի վրա էլ եմ աշխատում: Նաեւ խաղեր ունեմ՝ սարքած Swift ծրագրավորման լեզվով: Երազանք ունեմ՝ դառնալ հայտնի ինժեներ, ծրագրավորող, որ կարողանամ պատրաստել ցանկացած ռոբոտ: Անհնար ոչինչ չկա, եթե ուզում ես անել, պետք է միայն փնտրել, մտածել ու սարքել»,-ամփոփում է Արթուրը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի