12:21 | 09.04.21 | IT պատանիներ | exclusive 24003

IT պատանիներ. Ռոլանդը, Ռազմիկը եւ Սարգիսը հումանոյիդ ռոբոտ ու անօդաչու են մոդելավորում

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

Մեր շարքի հաջորդ հերոսները 16-ամյա Ռոլանդ Դալլաքյանը, 17-ամյա Ռազմիկ Ներսեսյանն ու 12-ամյա Սարգիս Հովհաննիսյանն են, որոնք միասին աշխատում են հումանոյիդ ռոբոտի եւ անօդաչու ինքնաթիռի պատրաստման ուղղությամբ:

Աերոդինամիկայի պրոֆեսորները

Երբ այցելեցինք «Ղողանջ» կենտրոնում գործող «Արմաթ» լաբորատորիա՝ Ռոլանդը, Ռազմիկն ու Սարգիսը զբաղված էին ռադիոկառավարվող անօդաչու ինքնաթիռի մոդելավորմամբ: Գծագրերը Սարգիսն է գծել, աշխատանքի մյուս մասն էլ ավագ ընկերներին վստահել:

«Գծում եմ ինքնաթիռի չափերը, մոդելի ձեւը, հետո գծագիրը տալիս եմ Ռոլանդին եւ Ռազմիկին, իրենք կտրում են ու կատարում մնացած աշխատանքները: Նաեւ մոդելավորում եմ անում, ինձ մոտ դա լավ է ստացվում: Աշխատում եմ FreeCAD ծրագրով»,- պատմում է Սարգիսը:

Սարգիս Հովհաննիսյանը Սարգիս Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Ռոլանդն էլ մանրամասնում է, որ աշխատում են Cessna 150 թեթեւ ինքնաթիռը հավաքելու ուղղությամբ:

«Այն բազային մոդել է, որի օգնությամբ սովորում ենք՝ հետագայում ավելի բարդ մոդելներ պատրաստելու համար: Այնուամենայնիվ, պատրաստման ընթացքում դժվարությունների հանդիպում ենք: Մոդելը պենոպլեքսից է, որը կտրելիս կարող է ջարդվել: Պետք է թույլ չտանք, որ անգամ շատ փոքր դետալ թեկուզ աննշան ձեւով վնասված լինի: Ամեն ինչ պետք է շատ հարթ լինի, որպեսզի աերոդինամիկան լավը լինի»,- մանրամասնում է Ռոլանդը:

photo © Մեդիամաքս


Հարցնում եմ՝ ինչպես են կարողացել գտնել մոդելի համար ճիշտ լուծումներ, Ռոլանդը ծիծաղում եւ ասում է. «Մեկ ամսում աերոդինամիկայի պրոֆեսոր ենք դարձել»:

Ռազմիկը, որ ինֆորմատիկայի ուղղությամբ մասնագիտացված դպրոցում է սովորում, հատկապես շատ է սիրում ֆիզիկան. «Ֆիզիկայի օրենքներով առաջնորդվելով է, որ կարողանում ենք ճիշտ աշխատել ինքնաթիռի վրա: Հատկապես այս ոլորտում ֆիզիկայի իմացությունը կարեւոր է»,- նշում է նա:

Ռազմիկ Ներսեսյանը Ռազմիկ Ներսեսյանը
photo © Մեդիամաքս


Նախագծերում թե´ խմբավարն է օգնում, թե´ իրենք են կարդում համապատասխան գրականություն եւ լսում օնլայն դասախոսություններ: Տղաները նաեւ ցանկանում են մասնակցել «Արմաթը օդում» ծրագրին՝ անօդաչուների պատրաստման մեջ հմտանալու համար:

Հումանոյիդ ռոբոտ

Իրենց մյուս նախագծի մասին պատմելու համար Սարգիսն անհավանական արագությամբ գրատախտակին գծում է ռոբոտի նախագիծը, հետո տեղը զիջում ավագ ընկերներին՝ ռոբոտի մասին մանրամասն պատմելու համար:

Գծագրի վրա մի քանի տեղում գրված է՝ «սեր.»: Ռոլանդը բացատրում է. «Սիրով բոլոր մասերը կպցնում ենք իրար, իսկ ավելի կոնկրետ՝ սերվո շարժիչով (ծիծաղում է՝ հեղ.)»:

Ռոլանդ Դալլաքյանը Ռոլանդ Դալլաքյանը
photo © Մեդիամաքս


Ռոբոտը, որի մոդելավորման ուղղությամբ այժմ աշխատում են տղաները, միանգամից 4 խնդիր է լուծելու՝ հետեւելու է սեւ գծին, անցնելու է լաբիրինթի միջով, հանգցնելու է կրակն ու կարողանալու է իրեր բարձրացնել:

«Ավելի հեշտ կլիներ անիվներով կամ տանկի մոդելով ռոբոտ պատրաստել, սակայն մենք որոշեցինք ավելի նորարար մոտեցում փորձել. մեր ռոբոտը հումանոյիդ է լինելու եւ աշխատելու է ինքնավար՝ ինքնուրույն հասկանալու է, թե ինչ գործողություն պետք է կատարի եւ անի դա: Առաջադրված խնդիրների լուծումներում եւս մի շարք նորարարություններ ունենք: Օրինակ՝ օգտագործելու ենք հիդրավլիկական մամլիչ, որն աշխատելու է մարդու աքիլեսյան ջլի պես՝ օգնելով ռոբոտին պահպանել հավասարակշռությունը եւ բարձրացնել իրենից մեծ ու ծանր իրեր»,-մանրամասնում է Ռոլանդը:

photo © Մեդիամաքս


Ռազմիկն էլ հավելում է՝ կրակը հանգցնելու համար օգտագործելու են տաքության ու խոնավության ընկալիչներ. «Երբ ռոբոտը մոտենա կրակին, ընկալիչը կզգա տաքությունն ու ինքնավար ձեւով կմիանա ռոբոտի ձեռքին տեղակայված հովացուցիչը՝ ուժեղ պտույտներով հանգցնելով կրակը»:

Տղաները հավելում են՝ շարունակում են աշխատել ռոբոտի մոդելավորման ուղղությամբ, որպեսզի առաջիկայում այն մրցույթի ներկայացնեն:

photo © Մեդիամաքս


Զարգացում IT-ում

Տղաները IT ոլորտով սկսել են հետաքրքրվել շատ ավելի վաղ տարիքից: Ռոլանդը պատմում է, որ 10 տարեկան հասակում ռոբոտների մրցույթը դիտելուց հետո հասկացել է՝ դա իր ուզած ուղղությունն է:

«Հետո սկսեցի «Արմաթ» լաբորատորիա հաճախել: Ավելի խորը սկսեցի ուսումնասիրել ֆիզիկան եւ մաթեմատիկան»,- հավելում է նա:

photo © Մեդիամաքս


Ռազմիկը նաեւ «Թումո» կենտրոն է հաճախել, որտեղ իր առաջին նախագծերից է եղել տան 3D մոդելավորումը:

«IT ոլորտում ինձ առավելապես ռոբոտաշինությունն է հետաքրքրում: Երազում եմ ճանաչված ռոբոտատեխնիկ դառնալ: Այժմ նաեւ մի քանի ծրագրավորման լեզուներ եմ սովորում՝ C++, Python, Java Scrip, որոնցում արդեն իսկ ունեմ բազային գիտելիքներ»,- հավելում է նա:

photo © Մեդիամաքս


Նախագծերի թիմում ամենափոքրը՝ Սարգիսը, դեռ չգիտի, թե որ ուղղությամբ է ցանկանում հմտանալ: Ասում է՝ հիմա ջանում է սովորել ամեն ինչ, որպեսզի հետագայում կողմնորոշվի:

«Հասակակիցներիս խորհուրդ կտամ հաճախել «Արմաթ» խմբակ, որովհետեւ այստեղ շատ հետաքրքիր է: Հետո, որ սովորեն, Հայաստանի համար էլ լավ կլինի, կզարգանա մեր երկիրը, կուժեղանա ու աշխարհում իր տեղը գտնի: Նաեւ խմբակը կօգնի դպրոցում ավելի լավ սովորել ու մեծ բարձունքների հասնել»,- ասում է Սարգիսը:

Տղաներն ընդգծում են՝ շատ են ցանկանում Հայաստանում IT ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալ, որպեսզի Հայաստանը մի օր տեղ գրավի զարգացած երկրների շարքում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի