14:55 | 07.05.21 | IT պատանիներ | exclusive 30116

IT պատանիներ. Ժորան եւ Արմենը պլաստիկ վերամշակող սարք եւ ձեռք-պրոթեզ են ստեղծել

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

Շարքի այս հրապարակման հերոսները երկու ընկերներ են՝ 17-ամյա Արմեն Խաչատրյանը՝ Վեդիից եւ 15-ամյա Ժորա Շահբաբյանը՝ Արարատից: Նրանք համատեղ նախագծեր են իրականացնում եւ մոտ ապագայում բիզնես հիմնելու նպատակ ունեն:

Պլաստիկ շշեր վերամշակող սարք

Ժորան եւ Արմենը նկուղից դուրս են բերում երկաթե մի սարք եւ մի քանի պլաստիկ շշեր: Վայրկյանների ընթացքում սարքի օգնությամբ շշերից թել են ստանում, որն էլ հետագա մշակումից հետո ծառայում է որպես ավել:

«Տարբեր վերամշակող գործարաններում շիշը հալեցնելիս օդն աղտոտվում է: Ցանկանում էի վերամշակման այլ տարբերակ ստեղծել, որը մթնոլորտին չի վնասի: Սարքը պատրաստելուց հետո սկսվեց պատերազմը, եւ որոշ ժամանակ շշերից ստացված թելից կարկաս էինք պատրաստում՝ ռազմական ցաներ գործելու համար: Պատերազմի ավարտից հետո էլ որոշեցինք անցնել այլ արտադրանքի եւ հիմա ավելներ ենք պատրաստում»,- պատմում է Ժորան:

Ժորա Շահբաբյանը Ժորա Շահբաբյանը
photo © Մեդիամաքս


Տղաները սարքի պատրաստման համար տարբեր մեխանիզմներ են ուսումնասիրել, հետո գլուխ-գլխի տվել, զոդում սովորել ու ստեղծել սեփական կոնստրուկցիան: Սարքը դեռեւս մեխանիկական է, սակայն առաջիկայում Ժորան եւ Արմենը պատրաստվում են ավտոմատացնել այն:

«Սարքը կազմված է հատուկ ձողից, որի վրա անցկացնում ենք շիշը: Երբ սարքը սկսում ենք պտտել, դրան ամրացված նշտարի օգնությամբ շիշը սկսում է շերտերի բաժանվել: Թելի հաստությունը կառավարելի է, ամենաբարակը 3 մմ-անոց թել կարելի է ստանալ»,- մանրամասնում է Արմենը:

photo © Մեդիամաքս


Նրա խոսքով՝ թելը հավաքվում է հատուկ հարթակի վրա, որն էլ հետո տաքացնում են՝ հարթ մակերես ունենալու համար:

«Ավել պատրաստելու համար առանձին գնում ենք պլաստմասե կամ փայտե բռնակ: Պլաստմասե բռնակով ավելները վաճառում ենք 1000 դրամով, իսկ փայտիցը՝ 1500-ից սկսած: Սկզբում մարդիկ թերահավատորեն էին մոտենում մեր պատրաստած ավելներին, բայց օգտագործելուց հետո համոզվեցին, որ ի համեմատություն սովորական ավելների, սա չի մաշվում»,-պատմում է Ժորան՝ հավելելով, որ արդեն 15 ավել վաճառել են:

Տղաները պատրաստվում են կատարելագործել վերամշակող սարքն ու այլ իրեր արտադրել:

photo © Մեդիամաքս


«Ինչ եղավ՝ միանգամից Ժորա»

Արմենը եւ Ժորան արդեն 3 տարի է հաճախում են Վեդի քաղաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ էլ հմտանում են ռոբոտաշինության ուղղությամբ:

«Իմ ստեղծած առաջին նախագիծը կրկին պլաստիկի վերամշակմանն էր ուղղված, բայց ոչ թե սարքավորում էր, այլ պարզապես ձեռքի գործիք: Այժմ ինձ շատ են հետաքրքրում 3D մոդելավորումն ու ծրագրավորումը: Առաջիկայում Web ծրագրավորում կսովորեմ, որպեսզի շուտով Արմենի հետ օնլայն խանութ ստեղծենք»,- պատմում է Ժորան:

photo © Մեդիամաքս


Նրա խոսքով՝ տեխնոլոգիական գիտելիքները թույլ են տալիս տանեցիներին օգնել ամենատարբեր հարցերում:

«Տանը տեխնիկական սարքերի հետ հենց ինչ-որ բան է լինում, ինձ են դիմում, ինչ եղավ՝ միանգամից Ժորա: Նույնն էլ Արմենենց տանն է: Շատ ուրախ ենք, որ կարողանում ենք օգնել»,- ասում է Ժորան:

Այժմ տղաները ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսն ու զբաղվել նաեւ անօդաչու թռչող սարքերի պատրաստմամբ:  

Արմեն Խաչատրյանը Արմեն Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Ձեռք-պրոթեզ

Արմենն արդեն որոշակիորեն հմտացել է ծրագրավորման եւ 3D մոդելավորման ոլորտներում: Նրա առաջին նախագիծը ռադարի նախատիպ էր:

«Իմ ամենասիրելի նախագիծը ձեռքի պրոթեզն է, որի վրա այժմ աշխատում ենք Ժորայի հետ միասին: Համացանցում մի հոլովակ տեսանք, որտեղ թեւ չունեցող մարդը հատուկ պրոթեզի օգնությամբ կարողանում էր որոշակի գործողություններ կատարել: Որոշեցինք մենք էլ նման պրոթեզի նախատիպ ստեղծել, արդեն մոդելավորել ենք, կոդն էլ ունենք, շատ շուտով ավարտին կհասցնենք: Այս առաջին տարբերակը դեռեւս կաշխատի հատուկ սեղմակների միջոցով, հետագայում կկատարելագործենք այնպես, որ ձեռքը կարողանա աշխատել մարդու զգայական համակարգի հետ»,-մանրամասնում է Արմենը:

photo © Մեդիամաքս


Տղաները միասին նաեւ այլ նախագծեր են ստեղծել՝ օրինակ «Արմաթ»-ի լոգոտիպ, որի վրայի սեղմակների օգնությամբ այն ձայնային տեղեկատվություն է հաղորդում «Արմաթ» լաբորատորիաների մասին: Պատրաստել են նաեւ շրջանաձեւ առարկայի վրա գծանկար կատարող սարք, մեխանիկական ժամացույցի մեխանիզմ, աշխատել են անօդաչու թռչող սարք ստեղծելու ուղղությամբ: Նրանց աշխատանքների մասին տեղեկատվություն կարելի է գտնել լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի