11:15 | 04.05.21 | Նորություններ | 1337

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2021»-ն ընդունում է մասնակցության հայտեր

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2021» ամենամյա վրանային բիզնես ֆորումն այս ամառ կկայանա հուլիսի 25-31-ը՝ միավորելով ձեռներեցներին, ներդրողներին եւ ստարտափերներին մեկ վայրում` Սեւանի ափին։

Սամմիթի գլխավոր նպատակը տարբերվող բիզնես միջավայրի ստեղծումն է, այն մարդկանց համար, ովքեր ձգտում են նորարարության` դրանով նպաստելով նրանց մտահաղացումների առաջխաղացմանը։ Միավորելով ստարտափներին, ներդրողներին եւ մենթորներին մեկ հարկի տակ ոչ ֆորմալ պայմաններում՝ սամմիթը դառնում է գործնական հարաբերությունների զարգացման աննախադեպ միջավայր։


Այս տարի նույնպես սամմիթի մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու գործարար աշխարհին վերաբերող ամենատարբեր քննարկումներին, դասախոսություններին եւ, իհարկե, խարույկի շուրջ անցկացվող ոչ ֆորմալ զրույցներին (CampFire talks)։ Միջոցառման մասնակից ստարտափերների համար կմշակվեն մի քանի կրթական ծրագրեր՝ միջազգային տարբեր հեղինակավոր ընկերությունների եւ էքսպերտների ներգրավմամբ։

Սեւան Ստարտափ Սամմիթ 2021-ի բոլոր ձեւաչափերով մասնակցության դիմում-հայտերը բաց են մայիսի 1-ից:
 
Սիսայդ Ստարտափ Սամմիթ-ի բոլոր միջոցառումները այդ թվում SSS2020-ը չկայացան COVID-19 համավարակի պատճառով: Այս տեսանկյունից կազմակերպիչները վստահ են, որ SSS21-ը կլինի շրջադարձային միջոցառում եւ նշում են, որ մեծ պատասխանատվությամբ ամեն ինչ կանեն սպասելիքները գերազանցելու եւ բացը լրացնելու համար։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2019-ը հյուրընկալել է շուրջ 10 հազ. Մասնակից՝ աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են $1 մլն։