11:39 | 19.04.21 | Նորություններ | 1157

Ալեքսանդր Եսայանն ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել

Ապրիլի 16-ին կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 20-րդ համաժողովը:

Պաշտոնական մեկնարկը տրվեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Համաժողովին մասնակցեցին ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների եւ պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:


Ողջույնի խոսքով հանդես եկան ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը եւ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Հնչեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ողջույնի ուղերձը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրեց Միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքների ամփոփումը եւ 2021-2025 թթ․ ռազմավարությունը: Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկության արդյունքում ընտրվեցին Միության վարչության նոր կազմը եւ նախագահը:

«2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա որպես փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել, իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք, բայց այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականացնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարեւոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», - նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։


20-րդ համագումարի քվեարկության արդյունքներով ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը, իսկ վարչության անդամներ են ընտրվել «Instigate» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «VOLO» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «VMware» ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը, «E-Hayq» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «LimeTech» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, «Krisp» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «FimeTech (Chessify)» ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանը, «Team Telecom Armenia» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Leviathan» ընկերության ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «Mentor a Siemens Business Armenia» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Granatus Ventures» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Instigate Mobile» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, «Macadamian AR» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «X-Tech» ընկերության տնօրեն Արման Աթոյանը, իսկ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ընտրվել է վերստուգող:

ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են՝ կրթություն եւ աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն եւ էլեկտրոնային կառավարում։

«Ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր ծրագրերի իրագործման հարցում, քանի որ հենց համախմբան շնորհիվ են ծրագրերը հաջողության հասնում։ Այնուամենայնիվ, ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», - նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միությունը 2019-2020 թվականների ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր եւ միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» եւ այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը։

«Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային եւ տարածքային կորուստների ազդեցությունը մեզ վրա, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա գալիք սերունդների համար», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Հավելենք, որ ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավել ՏՏ եւ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների եւ Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական եւ կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով: