12:44 | 16.04.21 | Նորություններ | 1437
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:
Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:
Արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր պետական կառույցների կողմից: «Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է: 2020 թվականի ընթացքում առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ աճել է երկու անգամ՝ չնայած համավարակին: Իհարկե, բացարձակ արժեքով սա այնքան էլ գոհացուցիչ թիվ չէ, սակայն ցույց է տալիս ոլորտի ներուժը եւ հստակ միտումը»,- նշել է դեսպանը:
ԲՏԱ նախարարը նշել է, որ հայկական կողմը հատկապես կարեւորում է հայ-ղազախական համագործակցությունը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում եւ դրա հիման վրա հարաբերությունների խորացումը մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտ է:
Ղազախական կողմին է ներկայացվել տեխնոլոգիական կրթության հայկական փորձը: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել թվայնացման օրակարգի, հատկապես էլեկտրոնային կառավարման համակարգի ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը նշված բոլոր ոլորտներում: Ամփոփելով հանդիպումը՝ Հայկ Չոբանյանը հույս է հայտնել, որ քննարկումները կշարունակվեն ավելի կոնկրետ ծրագրերի շուրջ՝ աշխատանքային խմբերի մակարդակով: