11:24 | 30.03.21 | Նորություններ | 765
Հայաստանում 2020-ին լրտեսական ծրագրերի (stalkerware) գրոհների բախվել է բջջային սարքերի օգտատերերի 0,03%-ն այն դեպքում, երբ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 0,02%։
Եթե Վրաստանում անցյալ տարի նման գրոհների է ենթարկվել բջջային օգտատերերի 0,03%-ը, ապա 2019 թվականին նրանց բաժինը կազմել է 0,01%, իսկ Ադրբեջանում ըստ տարիների այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 0,06% եւ 0,04%։
Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ին stalkerware տիպի հավելվածներից տուժել է գրեթե 54 հազար օգտատերեր ամբողջ աշխարհում։ 2018-ին այդ թիվը կազմել է գրեթե 40 հազար օգտատեր։ Մինչդեռ 2019թ. ստալկերական ծրագրերից տուժել է ավելի քան 67 հազար մարդ։
Ընկերության փորձագետները նշում են, որ սարքի վրա լրտեսական հավելված տեղադրելու համար բավական է մեկ անգամ ֆիզիկական հասանելիություն ստանալ դրան: Այնուհետեւ հետապնդողը կարող է ստալկերական ծրագրերի միջոցով հետեւել լրտեսման օբյեկտի տեղակայմանը, կարդալ մեսենջերների եւ սոցցանցերի հաղորդագրությունները, դիտել ուրիշի սարքի լուսանկարները, տեսանյութերը եւ այլ ֆայլերը, լսել հեռախոսազրույցները, տեսնել այն ամենը, ինչ օգտատերը մուտքագրում է ստեղնաշարով, այդ թվում՝ գաղտնաբառերը եւ երկգործոն իրավազորման կոդերը:
«Ընդ որում, տուժողը նույնիսկ չի էլ գլխի ընկնում, որ stalkerware-ը սարքում է. նման հավելվածները սովորաբար իրենց թաքցնում են տեղադրված ծրագրերի ցանկից եւ իրենց ակտիվության մասին ոչ մի ծանուցում չեն անում։ Իմանալով զոհի յուրաքանչյուր քայլի մասին՝ չարագործը կարող է վերահսկել նրան, ճնշում գործադրել հոգեբանորեն եւ սպառնալ նրա կյանքին ու առողջությանը»,- պարզաբանում են նրանք։
Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի (EIGE) 2017-ի հաշվետվության համաձայն՝ առցանց լրտեսումից տուժած տասը կանանցից յոթը բախվել են հետապնդողի ֆիզիկական եւ/կամ սեռական բռնությանը: Ֆրանսիայում, Centre Hubertine Auclert-ի տվյալներով, հարաբերություններում բռնության յուրաքանչյուր հինգերորդ զոհը բախվել է լրտեսական ծրագրերի:
Ստալկերական ծրագրերի դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ դրանք հնարավոր չէ հենց այնպես վերցնել եւ հեռացնել: Stalkerware տեղադրողը, նկատելով դրա հեռացումը, կարող է հասկանալ՝ զոհը տեղյակ է, որ իրեն հետեւում են. որոշ նմուշներ իրենց տիրոջը ծանուցում են ուղարկում այդ մասին։ Դա կարող է իրավիճակն ավելի վտանգավոր դարձնել զոհի համար եւ հանգեցնել հակամարտության սրման ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս տիրույթում։ Դրանից խուսափելու համար հարկավոր է օգտագործել TinyCheck լուծումը, որը հատուկ մշակված է լրտեսական ծրագրերը տերերից գաղտնի որոնելու համար։
Սմարթֆոնի վրա stalkerware-ի հայտնվելու ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ոչ մեկին չտալ եւ հնարավորության դեպքում չթողնել այն առանց հսկողության, սարքը պաշտպանել բարդ թվատառային գաղտնաբառով եւ չասել այն որեւէ մեկին: Անհրաժեշտ է, որ օգտատերերը սմարթֆոնի կարգավորումներում արգելի կողմնակի աղբյուրներից հավելվածների տեղադրումը եւ ինքն էլ օգտվի միայն պաշտոնական խանութներից, ինչպես նաեւ սարքը պաշտպանի հուսալի մոբայլ հակավիրուսային ծրագրով, որը կարողանում է հայտնաբերել եւ նախազգուշացնել stalkerware-ի մասին: