14:14 | 29.03.21 | Նորություններ | 1480

$500 մլն ներդրում եւ $8.3 մլրդ արժողություն. ServiceTitan-ի նոր հաջողությունը

Հայ հիմնադիրներ ունեցող առաջին unicorn ստարտափը՝ ServiceTitan-ը մարտի 26-ին հայտարարել է նոր՝ Series F ներդրումային փուլում  500 միլիոն ներգրավելու մասին։

Ներդրումային այս փուլը գլխավորում են Tiger Global Management-ն ու Sequoia Capital Global Equities-ը՝ H.I.G. Growth Partners-ի մասնակցությամբ։ Ներդրումային այս փուլին մասնակցում են նաեւ նախկին ներդրողները՝ Arena Holdings-ը, Battery Ventures-ը, Bessemer Venture Partners-ը, Dragoneer Investment Group-ը, Durable Capital Partners LP-ը, ICONIQ Growth-ը, Index Ventures-ը եւ T. Rowe Price Associates, Inc.-ը։

Ստացված ներդրումն ուղղված է լինելու ընկերության շարունակական աճն ապահովելուն, պրոդուկտը բարելավելուն եւ թիմում լավագույն մասնագետներին ներգրավելուն։


ServiceTitan-ն ամպային եւ շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Ընկերությունն ունի ավելի քան 7.500 հաճախորդ ընկերություն, որոնց տարեկան եկամուտները միասին կազմում են մոտ $20 մլրդ։ Ընկերությունում նշում են, որ ServiceTitan-ի նման հաջողության հիմքում հաճախորդակենտրոն մոտեցումն է. ընկերության տրամադրած ծրագրային լուծումից օգտվող ընկերությունները վերջին 4 տարիների ընթացքում 5 անգամ ավելի արագ են աճել, քան ոլորտի մյուս ընկերությունները։


Երբ 2018թ. ServiceTitan-ը գրասենյակ բացեց Հայաստանում՝ ընկերությունը գնահատվում էր $1.65 մլրդ։ 2.5 տարի անց այն աճել է ավելի քան 5 անգամ եւ գնահատվում է $8.3 մլրդ։ Այս պահին այն ամենաբարձր արժողությամբ private vertical software ընկերությունն է աշխարհում։

ServiceTitan-ն այս պահին ունի ավելի քան 1.200 աշխատակից. Հայաստանում աշխատակիցների թիվը հասնում է 150-ի։  Հայաստանյան թիմը շարունակաբար ընդլայնվում է ու բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով։


«Շատ կարեւոր է այն փաստը, որ հայաստանյան գրասենյակի բոլոր աշխատակիցներն ունեն մասնաբաժին ձեռք բերելու հնարավորություն (stock options)։ Հայաստանում մարդիկ արդեն սկսում են գնահատել ու արժեւորել stock option-ների հնարավորությունը, քանի որ ընկերության հաջողության դեպքում, երբ ընկերությունը դառնա հանրային (IPO), աշխատակիցները կկարողանան stock option-ները վերածել մեծ գումարի»,- նշել են ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակում: