15:35 | 29.03.21 | Նորություններ | 822

50 աշակերտ Գյումրիում մասնակցում է ինժեներական հաբի նորարարական դասընթացներին

Գյումրիում հատուկ լսարան եւ լաբորատորիա է ստեղծվել, որի նպատակն է Շիրակի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին օգնել մասնագիտանալ ծրագրային ճարտարագիտության, մեքենայական ուսուցման, մեքենաշինության, 3D մոդելավորման, ճշգրիտ մեքենաների գործարկման, էլեկտրատեխնիկայի, էլեկտրական համակարգերի նախագծման, նախագծերի կառավարման ուղղություններով:

Ծրագրին ներկայում մասնակցում է 50 աշակերտ: Դասերը վարում են առաջատար ընկերությունների մասնագետները:


Ինժեներական հաբի դասախոս Մանվել Վաթոյանը դասավանդում է օպերացիոն համակարգերի անվտանգություն: Նրա խոսքով, նոր դասընթացը հնարավորություն է ընձեռում աշակերտներին առաջին քայլերն անել էլեկտրոնիկայի հետաքրքիր աշխարհում, ծանոթանալ տարրական էլեմենտներին, նախագծել տպասալեր եւ վերջապես ինքնուրույն ստեղծել նույնիսկ էլեկտրոնային որոշ սարքեր: Ուսանողներն արդեն իսկ ոգեւորվել են դասապրոցեսով, քանի որ համոզվել են՝ Գյումրիում ապրելով կկարողանան պիտանի եւ ժամանակակից մասնագիտություն ձեռք բերել:


Ինժեներական հաբի դասախոսը պատմում է, որ իր դասընթացի ծրագրի ընթացքում աշակերտներն իրականացնում են մի շարք հետաքրքիր, զվարճալի եւ ուսուցողական սխեմաներ: Ամբողջ դասընթացին սովորելու են ստուգել ուսուցողական սխեմաների աշխատանքային պարամետրերը, բացահայտել անսարքություններն ու վերացնել դրանք ինքնուրույն աշխատանքի միջոցով։


«Տարիներ շարունակ դասավանդելով եւ՛ ուսանողների, եւ՛ աշակերտների, հաջողությամբ իրականացրել ենք մի շարք նախագծեր ռոբոտաշինության բնագավառում,  մասնակցել բազում մրցույթների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Տեսնելով երեխաների ոգեւորությունն ու ակտիվ մասնակցությունը դասընթացներին, վստահ եմ, որ ինժեներական այն գիտելիքների պաշարն ու փորձը, որ ձեռք կբերեն երեխաներն այս ծրագրի արդյունքում մեծ դեր կխաղա նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Գյումրիի այս ինժեներական լաբի սաներն հետագայում իրենց գիտելիքները կծառայեցնեն հանուն մեր երկրի հզորացման»,- նշել է Մանվել Վաթոյանը:


Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղում, Հայ կրթական հիմնարկության, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ միասին: Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական եւ մրցունակ ինժեներական հմտություններ: