16:18 | 02.03.21 | Նորություններ | 2885

Ռուբեն Վարդանյան. Տեխնոլոգիական պատերազմները կարող են լինել ավելի դաժան, քան իրական պատերազմները

Սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանը РБК-ի հետ զրույցում խոսել է տեխնոլոգիական կորպորացիաների ազդեցության նոր մակարդակի, ալգորիթմների եւ արհեստական բանականության դերի եւ միայնակ մարդկանց մասին:

Itel.am-ը ներկայացնում է զրույցից հատվածներ:

Տեխնոլոգիական կորպորացիաների ազդեցության նոր մակարդակի մասին

Այս տարվա հունվարի 8-ին տեղի ունեցավ հեղափոխություն, որը 2001թ. սեպտեմբերի 11-ից ոչ պակաս կարեւոր էր: Մասնավոր ընկերությունները աշխարհի ամենամեծ երկրի նախագահին զրկեցին հաղորդակցվելու հնարավորությունից ՝ պարզելով, որ նա խաբում է: Միանգամից մի քանի հարց է ծագում: Ի՞նչ է նշանակում խաբել: Ո՞վ է այդպես որոշել: Մնացած բոլորը, որոնք խաբում են, ինչո՞ւ նույն կերպ չեն անջատվել ցանցից:

Պարզվեց, որ տեխնոլոգիական ընկերություններն ուժ ու իշխանություն ունեն: Մեծ հաշվով, եթե նրանց հաջողվեց հաղորդակցության հնարավորությունից զրկել ԱՄՆ նախագահին, ապա նրանք կարող են դա անել մեզանից յուրաքանչյուրի հետ՝ ոչինչ չբացատրելով հանդերձ: Եվ այս իմաստով մենք ականատեսն ենք հեղափոխության, որի մասին դեռ բարձրաձայն չենք խոսում, եւ որի մասին հասարակությունը շատ չի մտածում:

Արդյո՞ք պատերազմ կլինի պետությունների միջեւ, թե՞ պատերազմ՝ տեխնոլոգիական ընկերությունների միջեւ: Տեխնոլոգիական պատերազմները կարող են լինել ավելի դաժան, քան իրական պատերազմները. վերջիններս, ամենայն հավանականությամբ, անհնար են՝ ինքնապահպանման բնազդի պատճառով:

Ալգորիթմների եւ արհեստական բանականության դերի մասին

Մենք թվային տարածքում ահռելի ժամանակ ենք անցկացնում, ինչի արդյունքում առաջացել են հետաքրքիր էթիկական հարցեր ու խնդիրներ, որոնց պատասխանները չունենք: Ո՞վ է լինելու նոր միջավայրի աստվածը, արդյո՞ք արհեստական բանականությունը կդառնա նոր կրոն, թե՞ ոչ, եւ արդյո՞ք ալգորիթմները կորոշեն, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ:

Clubhouse-ում զրուցում էինք կինոռեժիսոր Թիմուր Բեկմամբետովի հետ: Նա լավ օրինակ բերեց, նշելով, որ այժմ ստիպված է դատի տալ ոչ թե Google- ին, որը կարող է իրեն արգելափակել, այլ ալգորիթմին, քանի որ Google-ը չգիտի, թե ինչու է ալգորիթմն այդպես վարվում: Ավելին, նա նշեց, որ այժմ ֆիլմերի սցենարներ կան, որտեղ գլխավորը ոչ թե մարդն է եւ նրա հարաբերությունները համակարգչի հետ, այլ բոտը կամ ալգորիթմը:

Մենք քննարկեցինք, թե ովքեր են լինելու հունական նոր աստվածները: Դրանք բոտերն ու տեխնոլոգիական ընկերություններն են լինելու: Առաջին անգամ ստեղծվել է թվային տարածք, որը սահմանում է, թե ինչն է լավ, եւ ինչը` վատ:
Ես զգում եմ, եւ իմ կարծիքով, դա զգում են բոլորը. մենք նման ենք ջրի մեջ գտնվող գորտին, որը կամաց-կամաց սկսում է տաքանալ:

Մարդու միայնության եւ ֆեյք միջավայրի մասին

Նեյրոնային ցանցը, որը հարաբերությունների, փոխազդեցությունների, որոշումների կայացման նոր մեխանիզմ է, հանկարծ դարձավ առցանց հաղորդակցության մի մասը, որտեղ համայնքը հենակետերից մեկն է: Մարդը մենակ է մնացել՝ բազում խնդիրների հետ: Երբ համավարակը բռնկվեց, եւ ոչ բոլորն ունեին ընտանիքներ կամ ընկերներ, միայնությունը լուրջ խնդիր դարձավ:

Մարդիկ ապրում են վիթխարի ֆեյք միջավայրում. բոլոր կողմերից նրանց վրա տեղեկատվական հսկայական հոսք է գալիս, եւ նրանք կորչում են: Դա նման է ջրվեժի տակ կանգնելուն. տեղեկատվության հսկայական հոսք է ընկնում ձեր վրա, եւ, միեւնույն ժամանակ, չեք կարող ջուր խմել, քանի որ չեք կարող հասկանալ, թե ինչպես դա անել, որպեսզի ձեզ չվնասեք:

Մարդիկ վախենում են ճշմարտությունից: Նրանք ընտրում են ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչը հաստատում է նրանց տեսակետը: Մարդիկ այլեւս չեն դիտում հեռուստաալիքներ, չեն կարդում նորություններ, չեն օգտագործում տեղեկատվություն ստանալու այլ մեթոդներ, այլ ցանկանում են ստանալ այն, ինչը հաստատում է, որ նրանք ճիշտ են մտածում: Այս իմաստով, Facebook-ը եւ մյուս համակարգերն այս գաղափարի շուրջ են կառուցվում եւ ձեր լրահոսը ձեւավորվում է ըստ ձեր նախասիրությունների, ինչը ֆենոմենալ է: