11:52 | 02.03.21 | Նորություններ | 2168

«Կասպերսկի». ՀՀ-ում կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում տեղային սպառնալիքների

Հայաստանում օգտատերերի 37,03%-ը 2020-ին ենթարկվել է տեղային սպառնալիքների գրոհների այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 40,41%։

Վրաստանում նման սպառնալիքների հետ անցյալ տարի բախվել է օգտատերերի 26,19%-ը, 2019-ին՝ 30,54%-ը, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 43,99% եւ 51,75%։

Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, տեղային սպառնալիքների  բախված կորպորատիվ օգտատերերի բաժինը Հայաստանում 2019-ի 35,60% ցուցանիշից 2020-ին աճել է մինչեւ 41,72%: Վրաստանում այն 2019-ին կազմել է 21,43% եւ անցյալ տարի աճել մինչեւ 23,98%, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշը 37,55%-ից կրճատվել է մինչեւ 35,24%:


2020-ին աշխարհում առնվազն մեկ վնասակար ծրագիր է հայտնաբերվել համակարգիչների, կոշտ սկավառակների կամ շարժական կրիչների միջինը 28,65%-ում, իսկ մեկ տարի առաջ ՝ 34,05%-ում:

Անցյալ տարի օգտատերերն ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկվել են Աֆղանստանում (63,52%), Մյանմայում (59,89%) եւ Լաոսում (57,40%):

Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից ամենամեծ վտանգը ներկայացնում են տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների եւ հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր եւ թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։

«Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին եւ վարակում դրանք, իսկ այնուհետեւ վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների եւ արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։ Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը եւ պատշաճ վերահսկողություն սահմանեն  միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ եւ սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։