11:19 | 22.02.21 | Նորություններ | 2174
2020-ին Հայաստանում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի 10,34%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 9,69%, իսկ Ադրբեջանում՝ 10,89%։
2019-ին Հայաստանում ֆիշինգային գրոհների էր ենթարկվել օգտատերերի 14,52%-ը, Վրաստանում նույն տարվա ընթացքում նման գրոհների բախվել էր օգտատերերի 13,83%-ը, իսկ Ադրբեջանում՝ 15,59%-ը։
Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, ֆիշինգի միջին համաշխարհային մակարդակը 2020-ին կազմել է 13,21% նախորդ տարվա 15,17%-ի դիմաց։ 2020-ին «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ հաջողվել է կանխել օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 434 898 635 փորձ։ Սա 32 289 484 փորձով պակաս է, քան 2019-ին:
Ընդ որում, անցյալ տարի «Հակաֆիշինգ» համակարգի գործարկումների քանակով առաջին տեղում է Բրազիլիան, որտեղ խարդախների ուղարկած հղումներով գոնե մեկ անգամ փորձել են անցնել օգտատերերի 19,94%-ը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Պորտուգալիան (19,73%) եւ Ֆրանսիան (17,90%):
«Անցյալ տարվա իրադարձություններն ազդել են ըստ թիրախ կազմակերպությունների կատեգորիաների ֆիշինգային գրոհների բաշխման վրա։ Վերջին մի քանի տարիներին ամենատարածված թիրախների եռյակն անփոփոխ էր մնում. բանկեր, վճարային համակարգեր եւ գլոբալ ինտերնետ-պորտալներ։ 2020-ին պատկերը փոխվել է։ Առաջին տեղ են դուրս եկել առցանց խանութները (18,12%), ինչը կարելի է կապել համավարակի պատճառով սահմանափակումների հետ կապված առցանց պատվերների ավելացած քանակի հետ։ Գլոբալ ինտերնետ-պորտալները մնացել են երկրորդ տեղում (15,94%), սակայն կորցրել են 5,18% 2019-ի ցուցանիշի համեմատ, իսկ բանկերը իջել են երրորդ տեղը համեստ 10,72% ցուցանիշով», - նշում են ընկերության փորձագետները։
Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի եւ դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտնվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որեւէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։ Պետք է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարեւոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշինգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, եւ կարգելափակի այն։