16:31 | 19.02.21 | Նորություններ | 3398

Apple-ն ինժեներներ է փնտրում՝ 6G տեխնոլոգիա մշակելու համար

Apple ընկերությունը սկսել է մասնագետներ որոնել՝ 6G տեխնոլոգիա մշակելու համար:

Bloomberg-ի փոխանցմամբ, տեխնոլոգիան 2030թ.-ից շուտ չի հայտնվի, սակայն Apple-ն արդեն այսօր մտադիր է մասնակցել 6G-ի ստեղծմանը՝ զարգացման ամենավաղ փուլերում:

Աշխատանքի հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը փնտրում է մասնագետների, որոնք կաշխատեն հաջորդ սերնդի տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ, «որը մեծ ազդեցություն կունենա Apple-ի ապագա պրոդուկտների վրա»: Ընտրված մասնագետները նաեւ կմասնակցեն տարբեր ֆորումների, որոնք նվիրված են 6G տեխնոլոգիային:

Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մանրամասներ հաղորդել ընկերության՝ 6G-ին առնչվող պլանների մասին:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերին Apple-ը միացավ Next G Alliance-ին, որը միավորում է 6G-ի եւ հաջորդ սերնդի այլ տեխնոլոգիաների ստանդարտների վրա աշխատող ընկերություններին: Դաշինքում ներառված են նաեւ Google-ը, HP-ն, Intel-ը եւ այլ ընկերություններ:

Թեեւ 6G-ի ստանդարտներն ու գործարկման ժամանակացույցը դեռեւս անորոշ են, բայց որոշ վերլուծաբաններ նշում են, որ տեխնոլոգիան կարող է 5G-ից 100 անգամ ավելի մեծ արագություն ապահովել: