17:05 | 26.01.21 | Նորություններ | 4858

«Ապահով ինտերնետի կոալիցիա»-ն պահանջում է ջնջել Telegram-ը Play Store-ից եւ App Store-ից

«Ապահով ինտերնետի կոալիցիա» կազմակերպության ղեկավար Մարկ Գինսբերգը  դատական հայց է ներկայացրել Google-ի դեմ՝ պահանջելով Play Store-ից հեռացնել Telegram մեսենջերը:

Երկուշաբթի օրը հարուցված դատական գործի մասին գրել է Bloomberg-ը: Ըստ հայցվորի, Telegram-ը, հատկապես վերջին ամիսներին՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից եւ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, օգտագործվել է ռասայական մոտիվներով սպառնալիքների համակարգման եւ խրախուսման նպատակով:


Գինսբերգը հիշեցրել է, որ հունվարի 6-ին Google-ը Play Store-ից հեռացրեց Parler հավելվածն, այն բանից հետո, երբ այն սկսեց հրապարակել աջ ծայրահեղական օգտատերերի հրապարակումներն՝ ի աջակցություն Կոնգրեսի շենքի վրա հարձակվողների: Հայցադիմումում նշվում է, որ Google-ը Telegram–ի հանդեպ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի  վերջինս խիստ ուշադրություն դարձնի հարթակում տարածվող բովանդակությանը:

Հավելենք, որ հունվարի 17-ին Գինսբերգը նմանատիպ հայց էր ներկայացրել Apple-ի դեմ՝ պահանջելով հեռացնել Telegram-ն App Store-ից: Google-ը եւ Telegram-ը մեկնաբանությամբ հանդես չեն եկել: Ավելի վաղ, Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտնել էր Telegram-ից հարյուրավոր ծայրահեղական գրառումների հեռացման մասին: