12:36 | 26.01.21 | Նորություններ | 4752

Google-ը փակում է օդապարիկներով ինտերնետի տարածման Project Loon նախագիծը

Google-ը փակում է ֆուտուրիստական Project Loon նախագիծը, որն օդապարիկների միջոցով մոլորակի դժվարամատչելի տարածքներն ապահովում էր ինտերնետով:

Project Loon-ը գործարկվել էր 2013թ.՝ որպես բարդ, բայց հեռանկարային նախագիծ: Գաղափարն իսկապես հավակնոտ էր՝ օդ բարձրացնել շատ աերոստատներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ անվճար ինտերնետ տարածել այնտեղ, որտեղ կար դրա կարիքը:

2018-ին նախագիծն անվանվեց Google Loon՝ դառնալով առանձին բաժին: Ավելացավ ֆինանսավորումը, սակայն դա նույնպես չօգնեց նախագիծը հաջողության հասցնել: Ինչպես ի վերջո խոստովանեց ծրագրի գլխավոր տնօրենը, թիմն այդպես էլ ի վիճակի չեղավ կոմերցիոն հաջող նախագիծ մշակել:

Մի կողմից, ծրագրի մշակման տարիների ընթացքում, ինտերնետի ներթափանցումն աշխարհում աճեց՝ 73%-ից հասնելով 95%-ի, մյուս կողմից՝ այն շրջաններում, որտեղ ընկերությունն, այնուամենայնիվ, փորձնական ծրագիր էր սկսել (օրինակ՝ Քենիայում), բնակչության մի մասը պարզապես չուներ 4G սմարթֆոններ, որոնք անհրաժեշտ էին նախագծի աշխատանքի համար:

Այնուամենայնիվ, նախագիծն ապացուցեց իր կարեւորությունը բնական աղետների դեպքում, երբ ավանդական  մոբայլ ծառայությունները դադարում են գործել: Օրինակ, այն օգնեց Պերուի բնակիչներին կապ ունենալ ավերիչ երկրաշարժից հետո, իսկ Պուերտո Ռիկոն դրա շնորհիվ չանջատվեց աշխարհից՝ փոթորիկից եւ ջրհեղեղից հետո: