16:31 | 12.01.21 | Նորություններ | 3618

Telegram-ը՝ Թրամփի դեմ արգելքների ֆոնին ԱՄՆ-ում ամենաշատ ներբեռնված հավելված

Telegram-ը դարձել է վերջին շրջանում ԱՄՆ-ում ամենաշատ ներբեռնված երկրորդ հավելվածը. աճի վրա ազդել են Parler հավելվածի արգելքը, Twitter-ում Թրամփի արգելափակումը, ինչպես նաեւ WhatsApp-ի գաղտնիության նոր քաղաքականությունը:

Այս մասին գրում է The Daily Telegraph-ը, տեղեկացնելով, որ հունվարի 6-ից սկսած Telegram-ը ներբեռնվել է շուրջ 545 հազար անգամ՝ երեք անգամ ավելի, քան դրանից մեկ շաբաթ առաջ:

Telegram-ը սկսեց ավելի ակտիվ ներբեռնվել այն բանից հետո, երբ Twitter-ն արգելափակեց Դոնալդ Թրամփի հաշիվը՝ ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ֆոնին, իսկ Apple-ը եւ Google-ը իրենց խանութներից ջնջեցին Parler սոցիալական ցանցը, որն օգտագործում էին նրա կողմնակիցները:

Telegram-ի ներբեռնումների աճը կարող է պայմանավորված լինել նաեւ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության փոփոխությամբ: Փետրվարի 8-ից այն հավաքագրված տվյալներով կսկսի փոխանակվել Facebook-ի հետ: Այս առիթով Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն արդեն հասցրել է քննադատել WhatsApp-ի նոր քաղաքականությունը եւ Facebook-ին կոչ արել հարգել սեփական օգտատերերին:  

Դուրովը նաեւ հայտնել է, որ Parler հավելվածի արգելքի ֆոնին Telegram-ի թիմը Safari-ի համար վեբ տարբերակ է մշակում: Նրա կարծիքով, սա այլընտրանքային լուծում կլինի այն դեպքում, եթե Apple-ը որոշի արգելափակել Telegram-ը App Store-ում: