13:50 | 02.12.20 | Նորություններ | 4144

Հայկական EasyDMARC-ն հրեշտակային ներդրում է ստացել

Հայաստանում հիմնադրված EasyDMARC ընկերությունը ստացել է ամենամեծ հրեշտակային ներդրումը։

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA - Business Angel Network of Armenia) նախաձեռնել եւ առաջնորդել է գործարքը, որին միացել են նաեւ PicsArt ընկերությունը եւ Հայաստանի Հրեշտակ Ներդրողների ակումբը:

«Այս ներդրումը շատ կարեւոր ձեռքբերում է մեր ստարտափի համար, քանզի այն նոր հնարավորություններ է տալիս ընդլայնել մեր օգտատերերի բազան եւ տարածել էլեկտրոնային նամակների անվտանգության զարգացման նախաձեռնությունները մինչեւ 2022 թվականը։ Մեր առաքելությունն է դարձնել էլեկտրոնային նամակագրությունը անվտանգ եւ հասանելի հնարավորինս մեծ թվով կազմակերպությունների եւ անհատների համար»,- նշում է ընկերության համահիմնադիր եւ տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ավագ Առաքելյանը:


«EasyDMARC-ը 2019թ.-ի սկզբին մասնակցել է ԲԱՆԱ-ի կողմից ղեկավարվող Բիլայն Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլին։ Այդ պահից սկսել ենք ակտիվ աշխատել թիմի հետ, եւ երբ թիմը արդեն պատրաստ էր ստանալ ներդրում, մեկնարկել ենք ներդրումային գործընթացը։ Մենք համոզված ենք, որ EasyDMARC-ը դառնալու է Հայաստանի ամենահաջողակ ստարտափներից մեկը, որը արդեն իսկ արագ տեմպերով նվաճում է համաշխարհային շուկան։ Վստահաբար նման կազմակերպությունների թիվը աճելու է Հայաստանում։ Շատ ուրախ ենք, որ ներդրմանը մասնակցել են նաեւ միջազգային ներդրողներ, ովքեր մասնագիտացված են այս ոլորտում»,- ասել է ԲԱՆԱ-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը:

EasyDMARC-ն հարթակ է, որն օգնում է ընկերություններին պաշտպանվել էլեկտրոնային նամակների միջոցով կատարվող հաքերային հարձակումներից, բարելավում է նամակների հասցեագրման արդյունավետությունը, ինչպես նաեւ տրամադրում է մի շարք անվճար ծառայություններ դոմենների ստուգման եւ ռիսկերի գնահատման համար։