12:07 | 02.12.20 | Նորություններ | 3701
Համացանցից գրոհների ենթարկված հայաստանցի օգտատերերի բաժինը 2020 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 4,95%, Վրաստանում ՝ 6,06%, եւ այդ ցուցանիշով նշված երկիրն աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը։
Նույն ժամանակահատվածում նման գրոհների Ադրբեջանում ենթարկվել է համակարգիչների օգտատերերի մոտ 4,89%-ը։
Նույն տարվա ապրիլ-հունիսին Հայաստանում վեբ-գրոհների են բախվել օգտատերերի 5,6%-ը, Վրաստանում՝ 7,99%-ը (12–րդ ցուցանիշն աշխարհում), Ադրբեջանում՝ 6,5%-ը, իսկ 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 11,8%, Վրաստանում ՝ գրեթե 10,3%, Ադրբեջանում ՝ 12,7%։
Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի հուլիս-սեպտեմբերին աշխարհում ամենաշատը համացանցից գրոհների ենթարկվել են Վիետնամում (8,69%), Բանգլադեշում (7,34%) եւ Լատվիայում (7,32%) գտնվող օգտատերերը։
Միջին հաշվով 2020թ. երրորդ եռամսյակի ընթացքում աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 4,58%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 5,73%։
Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտատերերին զգոնություն պահպանել հատկապես ոչ պաշտոնական աղբյուրներից բովանդակության բեռնման ժամանակ եւ ուշադիր լինել համացանցում տարբեր կայքեր այցելելիս։ Նմանապես, համացանցում պատշաճ առցանց անվտանգության ապահովման համար խորհուրդ է տրվում օգտագործել հուսալի հակավիրուսային լուծում վեբ-մոդուլով, որը կանխում է վարակված վեբ-էջերից վնասակար օբյեկտների ներբեռնումը։