17:04 | 01.12.20 | Նորություններ | 4683
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է «SAS BASE» ծրագրավորման անվճար դասընթացի առաջին խմբի ուսումնական գործընթացը:
Գրանցված 21 մասնակիցներից քննությունը հանձնել են 10-ը, նրանցից 4-ը աշխատանքի առաջարկ են ստացել կազմակերպիչ՝ «Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունում, մի քանիսն էլ ուսումնասիրում են առաջարկներ այլ ընկերություններից:
Նոյեմբերի 30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել ավարտական քննությունը հանձնած 10 մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, ողջունել է դասընթացի մասնակիցներին, շնորհավորել նրանց ավարտելու եւ նրանցից 4-ին՝ նաեւ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նա շնորհակալություն է հայտնել «Դը Գուրուս» (The Gurus) ընկերության աշխատակազմին` դասընթացը լավագույնս անցկացնելու եւ գերազանց առաջադիմություն ունեցող մասնակիցներին՝ ընկերությունում աշխատանքի հնարավորություն ընձեռելու համար: Իր խոսքում, նախարարի տեղակալը եւս մեկ անգամ ընդգծել է տեխնոլոգիական կրթության եւ պետություն-մասնավոր հատված համագործակցության կարեւորության մասին:
«Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունն արդեն իսկ ընդունում է երկրորդ փուլի մասնակիցների հայտերը. դասընթացները շուտով մեկնարկելու են: Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանում եւ Արցախում բնակվող քաղաքացիները (Երեւանից` 18, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը եւ կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջեւ 2020 թվականի հուլիսին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, ընկերությունն իրականացնելու է «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում 90 մասնակցի համար՝ Երեւանից, ՀՀ մարզերից եւ Արցախից:
«Դը Գուրուս» ՍՊԸ-ն SAS programming, Data management եւ Biostatistics-ի ծառայություններ է մատուցում աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։