16:48 | 27.04.20 | Հոդվածներ | exclusive 84462
Հայաստանում հիմնադրված EasyDMARC ընկերությունն անկախ վերլուծաբանների կողմից հրապարակված զեկույցում (DMARC Software Market report) ընդգրկվել է DMARC ծառայություններ տրամադրող առաջատար 5 ընկերությունների շարքում։
Ընկերության համահիմնադիր Գերասիմ Հովհաննիսյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ EasyDMARC-ն տրամադրում է էլեկտրոնային նամակագրական զեղծարարությունից պաշտպանվելու լուծումներ, ինչպես նաեւ բարձրացնում է նամակների հասցեագրման արդյունավետությունը (նվազեցնում է Spam box ընկնելու հավանականությունը)։
Էլ. նամակագրական զեղծարարություններն առավել հայտնի են «Ֆիշինգ» (Email Phishing) անվանումով։ Ֆիշինգը վստահելի անձի անունից ուղարկված կեղծ նամակն է՝ անձնական տվյալների, գումարի կորզման, համակարգչային վիրուսների տարածման կամ չարանենգ այլ նպատակով։
EasyDMARC-ի կողմից առաջարկվող լուծումները կազմակերպությունների համար նվազեցնում են ֆինանսական եւ տվյալների կորուստների ռիսկերը, բարձրացնում՝ դոմենային վստահությունը։
Գերասիմ Հովհաննիսյանի խոսքով, ընկերությունը տրամադրում է նաեւ անվճար Domain Risk Scanner գործիքը՝ սեփական կամ գործընկեր դոմենների ստուգման եւ ռիսկերի գնահատման համար։
«Տրամադրվող բոլոր գործիքները բացառապես աշխատում են հաճախորդի ցանցային պարագծից դուրս եւ չեն ունենում հասանելություն կազմակերպության գաղտնի տվյալներին։ Հատկապես ֆինանսական, առողջապահական կազմակերպությունների եւ պետությունների դոմենների պաշտպանության հարցում շատ կարեւոր է բացառել որեւէ գործիքի ներդնումը հաճախորդի ենթակառուցվածքներում, չունենալ հասանելիություն՝ որեւէ ներքին գործընթացի եւ ապահովել հեշտ ինտեգրում»,- նշել է նա:
EasyDMARC-ի ներդնումը միջին չափի կազմակերպության համար տեւում է 15 րոպե եւ չի պահանջվում հատուկ փորձառություն։
Ընկերությունն առաջիկայում պլանավորում է թողարկել էլ. նամակագրական համակարգի տեղեկատվական խոցելիություններից պաշպանության նոր գործիքներ եւ ռիսկերի կառավարման նոր մեխանիզմներ։ Թիմը նաեւ ծրագրում է մեծացնել ծառայությունների ցանկը եւ տրամադրել համակարգի անվտանգության բոլորը մեկում լուծում։
«Աշխարհում շրջանառվող էլ. նամակների 70%-ը կազմում են գովազդային, կեղծ եւ վտանգավոր ծրագրային ապահովումով կցված նամակները։ Տեղեկատվության արտահոսքը յուրաքանչյուր տարի աճում է 11%-ով՝ կազմակերպություններին հասցնելով ահռելի վնասներ։ Կիբեր հանցագործներն օրըստօրե մշակում են հարձակման նոր մեխանիզմներ, ինչն ավելի է մեծացնում տեղեկատվական անվտանգության լուծումների ներդրման կարեւորությունը»,- ընդգծել է Գերասիմ Հովհաննիսյանը:
EasyDMARC-ն արդեն իսկ սպասարկում է աշխարհի ավելի քան 7000 ընկերությունների, իսկ հայկական կազմակերպությունների ցանկում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Ամերիաբանկը: