17:24 | 08.09.20 | Նորություններ | 1858

Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի ձեռներեց կանայք իրենց նորարար գաղափարները կներկայացնեն ժյուրիին

Սեպտեմբերի 9-ին «Ինժեներական քաղաք»-ում կկայանա միջոցառում, որի շրջանակում կին ձեռներեցները իրենց նորարարական գաղափարները կներկայացնեն ժյուրիին:

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի առաջին փուլի ավարտական միջոցառումը կանցկացվի Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում՝ սեպտեմբերի 9-11-ը:

Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Ինտենսիվ Բութքեմփ եւ Աքսելերացիոն ծրագիր։


Ինտենսիվ բութքեմփն իրականացվել է Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում։ Ծրագրի առաջին փուլում ընդգրկված է եղել 250 մասնակից՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնք երեք շաբաթների ընթացքում լավագույն մասնագետների օգնությամբ ձեռք են բերել հմտություններ՝ ստեղծարար մտածողության եւ գաղափարի վավերացման, գաղափարներից դեպի պրոդուկտի անցման, վաճառքի եւ մարքեթինգի ուղիների, ֆինանսների, անձնական նախաձեռնության, փիչինգի արվեստի մասին։

Առաջին փուլի՝ բութքեմփի ընթացքում մասնակիցները ձեւավորել են խմբեր, որոնք համախմբվել են ընդհանուր գաղափարների շուրջ։

Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: