16:07 | 08.09.20 | Նորություններ | 2024

«Թումո»-ի Վահէ եւ Լյուսի մրցույթն ընդունում է հայտեր 5 անվանակարգերում

«Թումոն» հայտարարել է երրորդ ամենամյա Վահէ եւ Լյուսի մրցույթի մասին, որին կարող են մասնակցել կենտրոնի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն, ֆիլմ եւ լուսանկարչություն անվանակարգերում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Հայտը հասանելի է այստեղ:

Արվեստի անվանակարգում դիմումները կարող են ներառել վիզուալ արվեստ, գրաֆիկական դիզայն, նկարազարդումներ, վիդեո արտ, կատարողական կամ կոնցեպտուալ արվեստ եւ այլն:

Տեխնոլոգիաների անվանակարգում դիմումները կարող են ներառել ծրագրային լուծումներ, տեսախաղեր, կայքեր, հավելվածներ, ռոբոտաշինություն, մեխանիկական սարքեր, տեխնիկայի նորարարություններ եւ այլն:

Երաժշտության անվանակարգում դիմումները կարող են ներառել հեղինակային կամ այլ երգերի ձայնագրություններ, եւ այլ կոնցեպտուալ ձայնային արվեստ:

Ֆիլմերի ստեղծման անվանակարգում դիմումները կարող են ներառել, բայց չսահմանափակվել խաղարկային, վավերագրական ֆիլմ, հեղինակային ֆիլմ կամ անիմացիա:

Լուսանկարչության անվանակարգում դիմումները կարող են լինել ինչպես փաստագրական, այնպես էլ գեղարվեստական ժանրերի։ Ընդունվում են առանձին լուսանկարներ, ինչպես նաեւ ֆոտոպատմություններ: (Առանձին լուսանկարներ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել առավելագույնը 3 լուսանկար, իսկ ֆոտոպատմությունների  դեպքում կարելի է դիմել մեկ աշխատանքով, որի լուսանկարների առավելագույն քանակը 15-ն է):

Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`

1-ին տեղ - 1.500.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ - 1.000.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ - 500.000 ՀՀ դրամ

Ժյուրիի կազմը կձեւավորվի Թումոյի անձնակազմից, ուսանողներից ու համապատասխան անվանակարգերում հրավիրված մասնագետներից, ինչպես նաեւ Վահէ եւ Լյուսի ամենամյա մրցույթի 2019թ. մրցանակակիրներից: