11:38 | 31.08.20 | Նորություններ | 1571
Հայաստանում եկել է eCommerce-ը (էլեկտրոնային առեւտուր) զարգացնելու ժամանակը, քանի որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստեց առցանց պատվերների սպասարկման մշակույթի զարգացմանը, եւ արդեն պետք զբաղվել eCommerce-ի ամբողջական ավտոմատացված համակարգերի ներդրումով։
Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշել է Hexact ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Ստեփան Ասլանյանը։
«Համավարակը շատ բիզնեսների համար առանց մեծ ծախսերի նոր հաճախորդներ ձեռք բերելու լավ առիթ էր, եւ նրանց պահելու համար պետք է ունենաս աշխատող կայք՝ առցանց վճարումների համակարգով»,- ընդգծել է Ստեփան Ասլանյանը՝ հավելելով, որ, բացի սննդի եւ սուպերմարկետներից ապրանքների առաքումներից կան շատ ավելի մեծ, օրինակ, էլեկտրոնիկայի, խնամքի միջոցների եւ սպառողական այլ ապրանքների էլեկտրոնային առեւտրի շուկաներ, որոնց դաշտը Հայաստանում լրիվ ազատ է։
Նրա խոսքով՝ այն 100 կայքերի մեջ, որոնք հայաստանցիներն ամենից շատն են այցելում, ընդամենը երեք eCommerce կայք կա, եւ երեքն էլ հայկական չեն։ Մինչդեռ որոշակի շուկայական նիշ ունեցող պրոդուկտների եւ ապրանքախմբերի էլեկտրոնային առեւտուրը կարելի է Հայաստանում կազմակերպել եւ գնային մրցակցություն ունենալ՝ խուսափելով փոխադրման ծախսերից, որոնք կատարում են արտերկրից ապրանք պատվիրող հայաստանցիները։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչով կարող է Hexact ընկերությունն օգտակար լինել Հայաստանում eCommerce բիզնեսը զարգացնելու տեսանկյունից, Ստեփան Ասլանյանը նշել է, որ ընկերությունը հիմնականում հայ ծրագրավորողների Հայաստանում մշակած Hexometer եւ Hexowatch ծառայություններն է մատուցում համանուն կայքերով։
Առաջինը նախատեսված է հիմնականում կայքերի աշխատունակության շուրջ 3 000 պարամետրերն ստուգելու համար, եւ կախված նրանից, թե որ փաթեթն է ընտրել հաճախորդ կազմակերպությունը, 1 րոպեն մեկ, 5 րոպեն մեկ, ժամը մեկ Hexometer-ն ստուգում է կազմակերպության կայքը եւ նրա ընտրած ուղով ուղարկում է տեղեկատվություն առ այն, թե ինչն է վատ աշխատում կայքում։ Բացի այդ, ծառայությունը տեղեկացնում է նաեւ հաճախորդի կայքը կոտրելու դեպքերի մասին, իսկ մոտ մեկ ամսից կգործարկվի նաեւ կայքերի ուղղագրության ստուգման (սկզբնական փուլում՝ անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն) բաղադրիչը։ Ընդ որում, ծառայության ամենաէժան փաթեթը $6 է ամսական։
Հաճախորդի ժամանակը մեծապես խնայում է նաեւ Hexowatch-ը, որի միջոցով հաճախորդը կարող է տեղեկանալ, թե բովանդակության (մասնավորապես, գների) ինչ փոփոխություններ են կատարվում, ինչ ծառայություններ են ավելանում իր նշած, օրինակ, մրցակիցների կայքերում։
Ստեփան Ասլանյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով են իր նշած ծառայություններն օգտագործվում հայկական բիզնեսի կողմից, նշել է, որ Hexometer-ն ունի շուրջ 10 հազար հաճախորդ, որոնցից, միայն 2-ն են Հայաստանից։ «Դա եւս խոսում է այն մասին, որ Հայաստանում բիզնեսը չի կարեւորում կայքերի պատշաճ աշխատանքը»,- շեշտել է նա՝ պարզաբանելով, որ Hexometer-ի եւ Hexowatch-ի կիբեռանվտանգությունն ապահովվում է ներքին եւ արտաքին վերահսկողության սեփական հատուկ գործիքներով։