11:43 | 08.07.20 | Նորություններ | 15908

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակվում է էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը

Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։

Ենթակառուցվածքների զարգացումը կարեւոր քայլ է ոչ միայն էկոգյուղերի ցանցի ստեղծման, այլեւ մայրաքաղաք-գյուղ զարգացման տարբերությունը մեղմելու համար:

Երկու տարի առաջ, Հերմոնը դարձել է էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր: Իսկ 2020 թվականին, գյուղում ավելացել է լուսավորված՝ հիմնական փողոցների թիվը: Վայոց ձորի մարզի այս գյուղում եւս ժամանակակից ենթակառուցվածքի ներդրումն իրականացվել է փուլերով: Առաջին ծրագրով տեղադրվել է 33 LED լուսարձակ, լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր ճանապարհահատված, որի արդյունքում, գյուղում հաղթահարվել է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած 27 տարվա վաղեմության խնդիր: Երկրորդ ծրագրով, տեղադրվել է եւս 23 LED լուսարձակ: Ընդհանուր առմամբ, Հերմոնում այժմ կա 55 նման լուսարձակ: Էներգախնայող համակարգը թույլ է տալիս լուսավորվել ավելի քան 2 կմ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները: 

Իրավիճակով պայմանավորված, ծրագիրն իրականացնող կողմերը նոր համակարգի հերթական հատվածի գործարկմանը չեն մասնակցել, սակայն կազմակերպված հարցախույզի միջոցով փորձել են բացահայտել գյուղի բնակիչների տրամադրությունը:

Ժամանակակից համակարգի արդյունավետությունը, սովորաբար, առաջինն արձանագրում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշելով, որ կրճատվում են համայնքային ծախսերն ու տնտեսվում են բյուջեի միջոցները: Գյուղացիների համար դա կարեւոր ցուցանիշ է. կա այն գիտակցությունը, որ խնայողությունների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ: Հերմոնի բնակիչները ներկայացրել են ծրագրի դրական ազդեցության՝ իրենց կարծիքն ու վերլուծությունը:

Ֆերմերային փոքրիկ տնտեսություն վարողները փաստել են, որ գյուղում նկատելի ակտիվություն եւ շարժ է արձանագրվել: Լուսավորությունը նպաստել է գիշերային անվտանգ անցուդարձին եւ կրճատել մեղվի փեթակների վրա արջերի հարձակման դեպքերը: 

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար եւ կրկնակի արդյունավետությամբ: