10:19 | 24.06.20 | Հոդվածներ | exclusive 99030

Մոբայլ կապը եւ մենք. մի տեխնոլոգիայի պատմություն

Մոբայլ կապը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, այն լուծում է բազմաթիվ խնդիրներ եւ ապահովում շուրջօրյա հասանելիություն: Այսօր արդեն անհնար է պատկերացնել կյանքն առանց սմարթֆոնի եւ դրանում միշտ առկա ինտերնետի:

Այս աստիճան հասանելի դառնալու մասին մարդը չէր էլ կարող երազել գոնե 30 տարի առաջ, սակայն մոբայլ կապը, ստեղծման պահից սկսած, նպատակ դրեց լուծել հասանելիության խնդիրները եւ հեշտացնել շփումը:

Itel.am-ը ներկայացնում է Հայաստանում մոբայլ կապի զարգացման եւ տարածման պատմությունը:

Սկզբում լարային հեռախոսներն էին, որոնք թեեւ ապահովում էին կապի պահանջը, սակայն սահմանափակում էին մարդուն: Այդ տեսակի կապը չէր կարող ապահովել շարժունություն, քանի որ բաժանորդը ֆիզիկապես գամված էր այն վայրին, որտեղ գտնվում էր հեռախոսը: Մարդը համաձայն չէր ֆիզիկական սահմանափակումներին եւ որոշեց մտածել ու ստեղծել մի նոր բան: Արդյունքում՝ ի հայտ եկավ մոբայլ կապը, հաջողությամբ թեստավորում անցավ եւ մտավ մեր առօրյա:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մարդիկ սկսեցին զգալ շփման նոր տարբերակների անհրաժեշտությունը: Այսպես ի հայտ եկան SMS հաղորդագրությունները:

Հայաստանում առաջին SMS հաղորդագրությունն ուղարկելու պատիվը բաժին է ընկել այն ժամանակվա ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գրիգոր Պողպատյանին: Նա 1998 թվականին այս SMS հաղորդագրություն էր ուղարկել «ԱրմենՏել» ընկերության ղեկավարին. «Շարի, գալիս եմ»:

Գրիգոր Պողպատյանը՝ պատմական SMS-ը ուղարկելուց տարիներ անց՝ Beeline-ի կապի թանգարանում Գրիգոր Պողպատյանը՝ պատմական SMS-ը ուղարկելուց տարիներ անց՝ Beeline-ի կապի թանգարանում
photo © ՎԵՈՆ Արմենիա-ի արխիվից

Գրեթե նույն ժամանակահատվածում աշխարհը եւս մեկ նորարարություն սկսեց փորձարկել: Փեյջերը փոքր ռադիոսարք էր, որն ընդունում էր ինֆորմացիան հեռախոսային ծառայության միջոցով: Արդարության համար պետք է նշենք, որ փեյջերների կիրառությունը Հայաստանում մեծ մասսայականություն այդպես էլ չունեցավ, քանի որ մարդկանց ավելի շատ դուր էր գալիս շփվել SMS հաղորդագրությունների միջոցով:

Այլ երկրներում, սակայն, փեյջերներն օգտագործվեցին տեւական ժամանակ, եւ հաղորդակցության անգնահատելի գործիք դարձան, օրինակ, բժիշկների ու ոստիկանների համար:

Բայց մարդը չէր ցանկանում դոփել տեղում եւ նորարարություններ էր պահանջում: Տեխնոլոգիական էվոլյուցիան եւ մարդկության կարիքներն ու պահանջները աճում էին զուգահեռ: Մարդը ցանկանում էր տեսազանգի միջոցով շփվել օվկիանոսից այն կողմ գտնվող մտերիմների հետ, սոցցանցեր այցելել, եւ այդ ամենն անել սմարթֆոնի միջոցով՝ իրենց հարմար վայրից: Այս ամենը հնարավոր դարձրեց 3G ցանցը, իսկ Beeline-ը 2008 թվականին դարձավ Հայաստանում այդ ցանցը գործարկող առաջին օպերատորը: Հունիսին ցանցը փորձնական ներդրվեց, իսկ նույն տարվա սեպտեմբերին հանձնվեց կոմերցիոն շահագործման:

Նոր ցանցի գործարկման արդյունքում նկատվեց ենթակառուցվածքների կտրուկ զարգացում՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Կապը բարելավվեց նաեւ հեռավոր բնակավայրերում, որտեղ մինչ այդ պահը դանդաղ ինտերնետը կամ դրա բացակայությունը խնդիր էր համարվում:

Մոբայլ կապի հասանելիությունը բերեց նրան, որ օրինակ, մոբայլ ինտերնետի բաժանորդների թիվը գերազանցեց ֆիքսված ինտերնետ բաժանորդների թվին: Սա առաջացրեց լուրջ մարտահրավերներ, մասնավորապես՝ ինտերնետի արագության խնդիր. չէ՞ որ բոլորս ենք ցանկանում օգտագործել սմարթֆոնը YouTube-ով տեսանյութեր դիտելու, Facebook-ում եւ Instagram-ում ուղղիղ եթեր մտնելու համար: Արդյունքում, կապն սկսեց աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով:

Մարդկանց կողմից մոբայլ կապի սպառումը գնալով աճեց եւ սկսեց լուրջ ազդեցություն գործել ոչ միայն առօրյայի, այլեւ երկրների ապագայի վրա: Բոլորս ենք վերջին տարիներին ականատես դարձել, թե ինչպես են մոբայլ տեխնոլոգիաները մի շարք երկրներում դառնում հեղափոխությունների իրականացման, մասնավորապես մարդկանց համախմբման եւ տեղեկատվության տարածման գործիք: Սա հնարավոր դարձավ հատկապես այն ժամանակ, երբ մարդկությունը ծանոթացավ ավելի արագ մոբայլ կապի՝ 4G ցանցի հետ: Ավելի արագ կապ՝ ավելի հեշտ հաղորդակցություն, առցանց կոնտենտի ավելի մեծ ծավալի սպառում: 2016թ. սեպտեմբերին Beeline-ը Երեւանում գործարկեց 4G/LTE բջջային ցանցը, որը հնարավորություն է տալիս օգտվել մինչեւ 60 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետից:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ բջջային տեխնոլոգիաները քաղաքական գործիչներին մոտեցրել է ժողովրդին:

Սամվել Մարտիրոսյանը Սամվել Մարտիրոսյանը
photo © TUMO

«Մենք այս երեւույթի ականատեսը դարձանք 2018թ. Հայաստանում հեղափոխության օրերին: Փաստացի հենց բջջայինի միջոցով էր ցանցում արվում հեղափոխությունը, ուղիղ եթերները, մարդկանց հավաքագրումը: Բայց այս ամենն ունի նաեւ հակառակ կողմ՝ բջջային տեխնոլոգիաները մարդկանց դարձրեցին անընդհատ տեղեկատվություն ընկալող: Դեռ մի քանի տարի առաջ մարդկանց մեծ մասը տեղեկատվություն ստանալու համար պետք է համակարգչին հասներ՝ հատկապես տեսանյութերի եւ լայվերի ընկալման տեսանկյունից: Այսօր արդեն 24/7 ռեժիմով մարդկանց կարելի է հասանելի դառնալ եւ դա անել տարբեր ֆորմատներով՝ վիդեո, փոդքասթ եւ այլն: Այն քաղաքական գործիչները, որոնք օգտագործում են բջջային տեխնոլոգիաները, հասարակության կողմից ճանաչված են եւ մեծ աջակցություն են ստանում»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

2020թ. մայիսին Beeline-ի կողմից գործարկվեց 4G+ կամ LTE-Advanced ցանցը, որը չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերի առաջադեմ տարբերակ է եւ ապահովում է բաժանորդների ինտերնետի արագության էական աճ:

2020 թվականին սմարթֆոնը մեր առօրյայի ամենակարեւոր գործիքներից է: Դրա միջոցով ենք շփվում աշխարհի մյուս ծայրում գտնվող բարեկամների եւ ընկերների հետ, ֆիլմեր ենք դիտում, տեսանյութեր տեղադրում Instagram-ում, կամ էլ հերթական արշավի ժամանակ ուղիղ եթեր մտնում՝ սարի գագաթից: Եթե այս ամենը բավարար է, որ մարդկությունն իրեն բավարարված եւ երջանիկ զգա, ապա հարց է ծագում՝ ո՞րն է պատճառը, որ աշխարհում այսօր մեծ թափով ներդրվում են 5G ցանցի համար նախատեսված ենթակառուցվածքներ: Ի՞նչ խնդիր են դրանք լուծում եւ արդյո՞ք թիրախավորում են անհատ բաժանորդներին:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կարծիքով, այսօր շատ փորձագետներ հակված են մտածել, որ 5G-ն առաջին հերթին հարկավոր է իրերի ինտերնետի, խելացի տների եւ քաղաքների համար, որտեղ միլիոնավոր սարքեր կարող են իրական ժամանակում բարձր արագությամբ տեղեկատվությամբ փոխանակվել: Նրա խոսքով, ցանցի հսկայական ներուժը խթան կդառնա նոր տեխնոլոգիաների եւ պրոդուկտների զարգացման համար:

Անդրեյ Պյատախինը Անդրեյ Պյատախինը
photo © ՎԵՈՆ Արմենիա

«Հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում սիրում են ֆուտբոլ եւ դիտում են ֆուտբոլային հանդիպումներ հեռուստատեսությամբ: Այսօր մենք դիտում ենք խաղը եւ հետաքրքիր պահերի կրկնությունները՝ միայն մարզադաշտի մի քանի տեսախցիկների միջոցով: Իսկ հիմա պատկերացրեք, որ մարզադաշտում, դարպասի մեջ եւ դաշտի վրա տեղադրված են հազարավոր անլար տեսախցիկներ, որոնք մեծ արագությամբ իրական ժամանակում գեներացնում են վիրտուալ իրականության կոնտենտ: Երկրպագուն, որը հագել է վիրտուալ իրականության ակնոցներ, իրեն ներկա է զգում դաշտում եւ ցանկացած պահի կարող է դիտել խաղը մարզչի, հարձակվողի կամ հակառակորդ թիմի դարպասապահի տեսանկյունից: Եվ այս ամենն արդեն ֆանտաստիկ ֆիլմի սյուժե չէ, այլ բավական մոտ եւ իրագործելի իրականություն»,- ընդգծում է Անդրեյ Պյատախինը:

Տեխնոլոգիաները շարունակում են սրընթաց զարգանալ, իսկ մարդիկ՝ դրանց հետեւել եւ կիրառել ու այդպես հեշտացնել իրենց առօրյան:Այսօր մոբայլ կապն իր հերթական փոխակերպումն է ապրում՝ ավելի արագ եւ հասանելի դառնալով ավելի մեծ թվով մարդկանց համար: Տեխնոլոգիական զարգացման ֆոնին նման փոխակերպումներն անխուսափելի են ու շարունակական:

Նարինե Դանեղյան