13:21 | 05.06.20 | Հոդվածներ | exclusive 157306

iBala. նոր ստարտափը կօգնի ծնողներին՝ տեղյակ լինել փոքրիկի առողջության մասին

Armenian Startup Academy-ի նախաաքսելերացիոն ծրագրի 5-րդ խմբի շրջանավարտ iBala ստարտափն օգնում է ծնողներին՝ տեղյակ լինել իրենց փոքրիկի առողջության մասին եւ ապահովել նրա անվտանգությունը:

Հավելվածը կարողանում է ճանաչել ու առանձնացնել փոքրիկի լացը, հազը, փռշտոցն ու նման այլ անհանգստացնող ձայները, անմիջապես հաղորդագրություն ուղարկել ծնողին: Այն ծնողի համար հնարավորություն է ստեղծում կապվելու փոքրիկի հետ եւ հանգստացնելու: Բացի այդ, հավելվածը հավաքում է վիճակագրություն երեխայի լացի, հազի եւ այլ ձայների արտաբերման մասին եւ այն տրամադրում ծնողին՝ ցանկացած հաճախականությամբ:

Ստարտափի հիմնադիրների խոսքով, սա թույլ կտա ձեռնարկել միջոցներ այն դեպքում, երբ, օրինակ, երեխայի հազը պարբերական է, շատանում է, կամ երբ դայակի ներկայությամբ փոքրիկը երկար ժամանակ է լաց լինում: 
 
Ստարտափի թիմում են՝ Կարենը, Հայկը, Շանթը, Շուշանն ու Միքայելը: Մշակված ալգորիթմները լավացնելու հարցում խորհրդատվական աջակցություն է տրամադրել  Վազգեն Միքայելյանը:

Ստարտափի թիրախում 0-ից 3 տարեկան երեխա ունեցող ծնողներն են: Թիմում նշում են, որ ցանկանում են մի փոքր ավելի մոտ դարձնել ծնողներին եւ իրենց բալիկներին այն դեպքում, երբ նրանց բաժանում է տարածությունը:

Ծրագրային հավելվածը կարող է ներկառուցվել մանկական տեսախցիկներում, խելացի օրորոցներում, փափուկ խաղալիքներում, կամ լինել հավելված հեռախոսում, որը կլինի երեխայի կողքին, ու կարձագանքի վերը նշված հատուկ ձայներին: Տվյալները գաղտնագրվում են ու հասանելի են միայն ծնողին (կամ ծնողի ընտրած անձանց):

«Թիմում հավաքված են մի կողմից երկար տարիների մաթեմատիկական հետազոտություններ անելու ու դասավանդման փորձ ունեցող, իսկ մյուս կողմից՝ գիտական կարիերան նոր սկսած ու արդեն հաջողություններ գրանցած, մաթեմատիկական օլիմպիադաների միջով անցած, ծրագրավորման ու մեքենայական ուսուցման բնագավառում բավականաչափ փորձ ունեցող երիտասարդ հետազոտողներ: Այս հանգամանքի շնորհիվ թիմում մեկտեղվել են տեսությունն ու պրակտիկան, հետազոտությունն ու կիրառությունը, գիտելիքն ու փորձը:
 
Երկրորդ յուրահատկությունն այն է, որ մեր թիմի անդամները անմիջականորեն ներգրավված են կրթական ոլորտում, ու կիսում են մաթեմատիկայի ու մեքենայական ուսուցման բնագավառի իրենց գիտելիքները բազմաթիվ մարդկանց, ուսանողների հետ: Մասնավորապես, Կարենը ղեկավարում է ու դասավանդում ԵՊՀ Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն մագիստրոսական ծրագրում, որտեղ դասավանդում են նաեւ Միքայելն ու Շանթը: Շուշանը դասավանդում է բակալավրի ուսանողներին, Հայկը ղեկավարում է ու դասավանդում ՀԱՀ Համակարգչային գիտություններ բակալավրիատի ծրագրում»,- նշել են թիմում:
 
Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը թիմին օգնել է ավելի շատ ուշադրություն դարձնել ստարտափի բիզնես կողմին, ընդլայնել նմանատիպ գործունեությամբ զբաղվող մարդկանց շրջանակը՝ սկսնակից մինչ փորձառու, ձեռք բերել նոր ծանոթություններ ու ընկերներ, ավելի լավ պատկերացում կազմել  ներդրումների եւ դրանց ստանալու  վերաբերյալ:

Նարինե Դանեղյան