16:45 | 23.06.20 | Նորություններ | 2879
ՅՈՒՆԻՍԵՖ-ը առցանց խաղային ոլորտի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է հրապարակել, որի նպատակն է առցանց խաղային ընկերություններին խորհուրդներ տրամադրել եւ աջակցել երեխայի իրավունքները բիզնես գործընթացների մեջ ներառելու հարցերում:
«Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ զգալիորեն մեծացել է առցանց խաղերի մեջ ներգրավվածությունը (բոլոր տարիքային խմբերի կողմից), ինչը նշանակում է, որ խաղերը 21-րդ դարի ժամանցի եւ զվարճանքի առանցքային բաղադրիչն են», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆոնդհայթայթման եւ գործընկերության բաժնի գլխավոր խորհրդատու Վիվինա Բելմոնտեն:
Նրա խոսքով, առցանց խաղային ընկերությունները պատասխանատվություն են կրում իրենց հարթակները այնպես ստեղծելու հարցում, որ դրանք հարգեն երեխայի իրավունքները եւ աջակցեն իրավունքների իրացմանը։
«Հուսով եմ, որ այս առաջարկությունները կօգնեն ընկերություններին, որպեսզի լիովին ըմբռնեն իրենց գործունեության ազդեցությունը երեխաների վրա եւ միջոցներ ձեռնարկեն դրանք բարելավելու ուղղությամբ»,- նշել է Վիվինա Բելմոնտեն:
Առցանց խաղային ոլորտի՝ երեխաների վրա ազդեցության գնահատման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, որ կազմվել է ոլորտի մասնագետների զգալի մասնակցությամբ, կարեւորում է երեխայի հիմնարար իրավունքներից մի քանիսի ընդգրկումը բոլոր տիպի առցանց խաղային ընկերությունների կողմից, այդ թվում՝ խաղեր ստեղծողների, դրանք հանրայնացնողների, տարածողների, խաղային հարթակների, էլեկտրոնային սպորտային-մրցակցային ընկերությունների, ինչպես նաեւ՝ հեռարձակող ծառայությունների կողմից: Դրանք հիմնված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2019թ. լույս տեսած առցանց խաղերի եւ երեխայի իրավունքների վերաբերյալ հետազոտության քննարկման եւ առցանց խաղային համայնքի հետ համագործակության վրա:
Հանձնարարականները կարեւորում են առողջության համար անվտանգ խաղային ժամանակի հետ կապված խնդիրները, ներառականությունը եւ ներկայացուցչականությունը, «թունավոր» միջավայրերից զերծ մնալը, հաշվի են առնում տարիքային սահմանափակումներն ու ստուգումները (verification), կարեւորում անչափասներին սիրահետելու եւ սեռական բռնության դեմ պայքարը, ինչպես նաեւ՝ կոմերցիոն ազդեցության չափավորումը:
«Երեխաները եւ երիտասարդներն ավելի ու ավելի շատ են առցանց խաղերն եւ խաղային հարթակները օգտագործում` խաղից դուրս հանդիպելու եւ հարաբերություններ հաստատելու համար, հետեւաբար՝ չափազանց կարեւոր է ընդհանուր լեզու գտնել եւ հասկանալ դրանից բխող մարտահրավերներն ու հնարավորությունները», - նշել է LEGO խմբի երեխաների թվային անվտանգության հարցերով բաժնի ղեկավար Դիտեր Կարստենսենը: «Այս համապարփակ, գործնական գործիքակազմը հնարավորություն կտա խաղերի արժեքային շղթան ավելի լավ հասկանալ եւ գտնել երեխաների իրավունքները առավել արդյունավետ կերպով ինտեգրելու ուղիներ»: