12:40 | 23.06.20 | Նորություններ | 2902

    ԱՄՆ-ն մինչեւ տարեվերջ դադարեցնում է որոշ վիզաների տրամադրումը. թիրախում ՏՏ ոլորտի աշխատողներն են

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, ժամանակավորապես դադարեցվել է էմիգրանտներին աշխատանքային մի շարք վիզաների տրամադրումը, ինչի թիրախում են հայտնվել հատկապես ՏՏ ոլորտի օտարերկրացի ներկայացուցիչները:

    Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում հունիսի 24-ից եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ:

    Թրամփի որոշումը իշխանությունները բացատրում են նրանով, որ նա ցանկանում է պահպանել ԱՄՆ աշխատատեղերը ամերիկացիների համար՝ համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի պատճառով: Նշվում է, որ արգելքը չի տարածվի նրանց վրա, ովքեր արդեն գտնվում են ԱՄՆ-ում եւ ստացել են աշխատանքային վիզա:

    Թրամփի որոշումը քննադատել են բազմաթիվ ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Facebook-ը, Amazon-ը, Microsoft-ը:

    Microsoft-ի ղեկավար Բրեդ Սմիթի խոսքով, էմիգրանտները ընկերությունում կարեւոր դեր են խաղում եւ ԱՄՆ-ում աշխատում են շատ կարեւոր ենթակառուցվածքների զարգացման վրա:

    Google-ի եւ Alphabet-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչայն էլ նշել է, որ էմիգրացիան ԱՄՆ-ի տնտեսական հաջողություններում մեծ ավանդ ունի, այն դարձնելով համաշխարհային առաջնորդ տեխնոլոգիական ոլորտում, իսկ Google-ին՝ այն, ինչ նա իրենից այսօր ներկայացնում է:

    «Հիասթափված լինելով այսօրվա որոշմամբ, մենք շարունակում ենք աջակցել էմիգրանտներին եւ աշխատել՝ բոլորի համար հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է նա: