16:47 | 22.06.20 | Նորություններ | 3149
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով:
Horasis-ը միջազգային հեղինակավոր հարթակ է, որն անցկացնում է միջազգային խոշոր տնտեսական համաժողովներ, այդ թվում՝ Պորտուգալիայում անցկացվող հեղինակավոր Horasis Global Meeting-ը։ Մասնակիցները, որոնք երկրների առաջնորդներ են, համաշխարհային ընկերությունների ու կորպորացիաների ղեկավարներ, հայտնի փորձագետներ ու գիտնականներ, համատեղ քննարկում են համաշխարհային խնդիրներն ու մարտահրավերները եւ փորձում առաջարկել լուծումներ։
«Հորասիս-Հնդկաստան»-ին մասնակցել են Horasis Vision համայնքի ավելի քան 400 բարձրաստիճան մասնակիցներ: Համաժողովի այս տարվա թեման վերաբերել է հետհամավարակային գլոբալ մարտահրավերներին եւ դրանց հնարավոր կառավարմանը։
«Այսօր մենք ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջան: Սա նշանակում է, որ մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել: Մի կողմից, այժմ ողբերգական ժամանակաշրջան է, իսկ պատմական հեռանկարի տեսանկյունից՝ հրաշալի ժամանակահատված, երբ պարզ է, որ ապագան դասական չի լինելու՝ մեր սրընթաց զարգացումների, մարդկության ունեցած մեծ կարողությունների շնորհիվ:
Աշխարհը փոխվելու է՝ նոր մեքենաների, ռոբոտների, արհեստական բանականության միջոցով: Մենք ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, եւ բազում մարտահրավերներ են ի հայտ գալու: Մենք պետք է վերաարժեւորենք շատ երեւույթներ: Մեր կյանքի շատ ոլորտներ, ինչպես ես եմ անվանում, դառնում են քվանտային՝ սկսած համաշխարհային ռիսկերից, ինչպիսին, օրինակ, այս համավարակն է: Վերջինս համաճարակ է դարձել ոչ այն պատճառով, որ շատ յուրատեսակ վիրուս է, այլ այն պատճառով, որ աշխարհը փոխվել է: Հենց այս նոր փոխկապակցված աշխարհի պատճառով է վարակն արագորեն տարածվում ամբողջ աշխարհում»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նշել է, որ պետք էր ավելի իմաստուն գտնվել եւ մինչեւ համավարակը գումարներ ներդնել առողջապահության, բնապահպանության ոլորտներում:
«Բնության պահպանումը շատ կարեւոր է, քանի որ մեզնից շատերը հասկանում են, որ ապագա համավարակներն ի հայտ կգան մարդկանց եւ բնության անառողջ հարաբերությունների արդյունքում: Մենք այսօր խաչմերուկում ենք: Սա հիանալի աշխարհ է, որտեղ հիմա ողբերգական ժամանակներ են: Սա նոր քվանտային աշխարհ է: Այն, ինչ մենք ունեցել ենք անցյալում, դասական էր: Այս նոր քվանտային աշխարհը շատերի համար անկանխատեսելի, անհայտ, դժվար եւ վախեցնող է: Նրանց համար, ովքեր կընդունեն այս նոր աշխարհը՝ օգտագործելով նոր տրամաբանություն եւ նոր փիլիսոփայություն, այն կդառնա մոլորակի ամենալավ վայրն ապրելու համար»:
Պատասխանելով ստեղծված իրավիճակի ու խնդիրների հաղթահարման ուղիների, միջազգային նոր ինստիտուտների ստեղծման մասին հարցին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ նոր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտություն չկա, պետք է պահել բոլոր ինստիտուտները, կազմակերպությունները եւ վերափոխել եղած միջազգային ինստիտուտների դերը:
«Տարիներ շարունակ ես մտածել եմ խելացի կամ հաջողակ փոքր երկրների ակումբի մասին: Այն նպատակ ունի միավորել փոքր երկրների, որոնք փոփոխությունների, հասկանալու, ապագային նայելու կարողություններ ունեն: Ակումբում երկրները կփոխանակվեն գաղափարներով: Այս ակումբի ստեղծման մասին քննարկումներ եմ ունեցել փոքր երկրների ղեկավարների հետ: Սա դաշինք, տնտեսական, ռազմական կամ քաղաքական միություն չէ, այլ ուղղակի ակումբ է, որտեղ կարող ես տեղեկատվություն փոխանակել: Կիսվելով՝ դու կարող ես մյուս երկրներին ցույց տալ, թե ինչն ես լավ կամ վատ արել:
Աշխարհը փոխվում է, եւ պարտադիր չէ լինել մեծ, մեգամեծ, ունենալ հսկայական տարածքներ, ռազմական ուժ: Փոքր երկրները կարող են իրենց ասելիքն ունենալ համաշխարհային խնդիրների, տեղեկատվության, գիտության, կրթության ոլորտների զարգացման վերաբերյալ: Փոքր երկրների կողմից բիզնեսի, կրթության կառավարման հիանալի օրինակներ կան: Սա պարզապես ակումբ է, որը ցույց կտա, որ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլեւ հզոր եւ հաջողակ լինել»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: