12:07 | 22.06.20 | Նորություններ | 2503
UC Berkeley SkyDeck աքսելերատորի վերջին շրջափուլի յոթ ստարտափները միասին վերջին վեց ամիսներին $32 մլն ներդրում են ստացել: Նրանց թվում է SuperAnnotate հայաստանյան ստարտափը, որը մեքենայական ուսուցման ինժեներների եւ անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված անոտացիոն հարթակ է։
Finsmes հարթակի փոխանցմամբ, յոթ ստարտափները ներկայացնում են տարբեր ուղղություններ, այդ թվում՝ մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, ֆինթեք, բժշկական տեխնոլոգիաներ եւ այլն:
Հիշեցնենք, որ SuperAnnotate-ը մայիսի վերջին հայտարարեց սաղմնային ներդրման շրջափուլում $3 մլն ֆինանսավորում ստանալու մասին՝ Point Nine Capital-ի, Runa Capital-ի եւ Fathom Capital-ի կողմից։ Այս փուլում մասնակցում էին նաեւ նախորդ ներդրողները՝ Berkeley SkyDeck Fund-ը եւ Plug and Play Ventures-ը:
Ստարտափի մշակած լուծումն ամբողջովին ապահովում է նկարների անոտացիայի գործընթացների կառավարումը՝ մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի միջեւ: SuperAnnotate-ի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչեւ տասն անգամ արագ՝ միեւնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը:
Փետրվարին օնլայն հարթակի թողակումից ի վեր ընկերությունն արդեն գրավել է ավելի քան 3000 օգտատեր՝ համակարգչային տեսողության բնագավառի ավելի քան 100 ընկերություններից, ինչպես նաեւ անոտացիոն ծառայություններ մատուցողներից:
SuperAnnotate-ը հիմնադրվել է 2018թ.՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ եւ սմարթ անոտացիոն գործիքը ստեղծելու համար: