12:26 | 12.06.20 | Նորություններ | 10741
SuperAnnotate հայաստանյան ստարտափը սաղմնային ներդրման շրջափուլում 3 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել Point Nine Capital-ի, Runa Capital-ի եւ Fathom Capital-ի կողմից։ Այս փուլում մասնակցում էին նաեւ նախորդ ներդրողները՝ Berkeley SkyDeck Fund-ը եւ Plug and Play Ventures-ը:
SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժեներների եւ անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված անոտացիոն հարթակ է։
Ստարտափի մշակած լուծումն ամբողջովին ապահովում է նկարների անոտացիայի գործընթացների կառավարումը՝ մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի միջեւ: SuperAnnotate-ի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչեւ տասն անգամ արագ՝ միեւնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը: Փետրվարին օնլայն հարթակի թողակումից ի վեր ընկերությունն արդեն գրավել է ավելի քան 3000 օգտատեր՝ համակարգչային տեսողության բնագավառի ավելի քան 100 ընկերություններից, ինչպես նաեւ անոտացիոն ծառայություններ մատուցողներից:
SuperAnnotate-ի կառուցած հարթակը ապահովում է համապարփակ (ամբողջական) համակարգեր օգտատիրոջ, տվյալների եւ որակի կառավարման համար` համակցված մեքենայական ուսուցման առաջադեմ գործիքների հետ։ Այդպիսիք են իտերացիոն մոդելի վարժեցումը (Iterative model traianing), օբյեկտների կանխատեսումը եւ ընկերության արտոնագրված սեգմենտացիայի տեխնոլոգիան`ինչը բերում է փիքսել ճշգրիտ անոտացիայի գործառույթների բազմակի արագացման։
Բացի այդ, հարթակը ընկերություններին հնարավորություն է տալիս փորձնական նախագծեր ուղարկել SuperAnnotate-ի գործընկեր անոտացիոն թիմերին ընդամենը մեկ քայլով: Այդպիսով, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընկերությունները կարող են ընտրել համապատասխան անոտացիոն գործընկեր ըստ գին/որակ/ժամանակ պահանջի։ Մինչ SuperAnnotate-ի գործունեության սկիզբը, այս գործընթացը ամիսների թեստավորում եւ բանակցություններ էր պահանջում:
Անոտացիայի արդյունքում մշակված տվյալները կարեւորագույն նշանակություն ունեն ինքնագնաց ավտոմեքենաների, մանրածախ առեւտրի, առողջապահության եւ այլ ոլորտների առաջխաղացման համար։ Ակնկալվում է, որ անոտացիոն գործիքների շուկան մինչեւ 2027 թվականը կհասնի 2,57 միլիարդ դոլարի արժողությանը:
Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ծրագրերի զգալի մասում տվյալների նախապատրաստումը եւ ինժեներական աշխատանքները տանում են ժամանակի ավելի քան 80%-ը:
Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլիի) մեքենայական ուսուցման առաջատար գիտաշխատող եւ պրոֆեսոր Փիթեր Աբբելը, ով նաեւ ընկերության խորհրդատուներից է, նշել է. «Այս դժվարին ժամանակաշրջանում այդպիսի մեծ ներդրում ստանալու ունակությունը վկայում է SuperAnnotate-ի տեխնոլոգիայի արժեքի մասին, որը նրանք ապահովում են սեմանտիկ սեգմենտացիայի մեջ, եւ վերջինիս կարողությունը զգալիորեն բարձրացնելու անոտացիոն աշխատանքների արդյունավետությունը»:
Միաժամանակ, Շարեմ Ռումին՝ տվյալների պիտակավորման մաշտաբային ծառայության Acme AI-ի գործադիր տնօրենը, ասում է. «Համեմատ նմանատիպ այլ հարթակների՝ SuperAnnotate ի ալգորիթմը հնարավորություն է տալիս անոտատորներին աշխատել շատ ավելի արագ առանց սխալներ թույլ տալու: Նրանց արտոնագրված սմարթ սեգմենտացիոն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մի քայլով կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում պահանջում էին շատ ժամանակ եւ ճշգրտություն, եւ սա ֆենոմենալ է»:
«Հրապարակվելով ընդամենը երեք ամիս առաջ՝ մենք չափազանց ոգեւորված էինք մեր հարթակի՝ հազարավոր մեքենայական ուսուցման ինժիներների եւ մեծ անոտացիոն թիմերի կողմից բարձր մակարդակի ընդունելությունից», - ասում է SuperAnnotate- ի գլխավոր տնօրեն Տիգրան Պետրոսյանը: «Սա ապացուցում է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մի բան, որը հաճախորդները գնահատում են: Դա մեզ դարձնում է շատ հպարտ եւ էլ ավելի է պարտավորեցնում տքնաջան աշխատել մեր համայնքին բավարարելու համար»:
SuperAnnotate-ը հիմնադրվել է 2018թ.՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ եւ սմարթ անոտացիոն գործիքը ստեղծելու համար:
Ստարտափի ստեղծած սմարթ սեգմենտացիայի տեխնոլոգիան, որը մշակվել է համահիմնադիր եւ տեխնոլոգիական գծով տնօրեն Վահան Պետրոսյանի կողմից Շվեդիայի KTH Royal Technology Institute-ի ասպիրանտուրայում սովորելու տարիներին, դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր SuperAnnotate-ը հանդիսանում է ոլորտի ամենահզոր անոտացիոն պլատֆորմը, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման եւ կայծակնային արագ ու խիստ ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջեւ: