11:03 | 12.06.20 | Նորություններ | 2230

Արմեն Սարգսյան. Պետք է աջակցել այն մարդկանց, որոնք կարող են նոր գաղափարների միջոցով փոխել աշխարհը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով եւ արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում:

Համաժողովը կազմակերպվել է CognitionX ընկերության կողմից՝ Microsoft, UI Path, Elutions, QuantumBlack եւ IBM ընկերությունների հետ համագործակցությամբ: Հայաստանի նախագահի ելույթին հետեւել են ավելի քան 50 հազար ունկնդիրներ:

Միջազգային հեղինակավոր այս հարթակը միավորում է համաշխարհային առաջնորդների, խոշորագույն ընկերությունների ղեկավարների, գիտնականների, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, արվեստի եւ այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների:

Արմեն Սարգսյանը խոսել է համավարակի առաջացման պատճառների, աշխարհի զարգացման միտումների, կրթության դերի, փոքր երկրների հնարավորությունների եւ այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագայում՝ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

«Վիրուսները մեզ հետ են եղել հազարավոր տարիներ, եւ մենք դրանց հետ ապրել ենք, պայքարել դրանց դեմ։ Շատ վիրուսներից բուժվելու միջոցները նույնիսկ այսօր չունենք, եւ պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական ձեւը, ինչպես հարյուր տարի առաջ էր, սոցիալական հեռավորություն պահպանելն է։ 21-րդ դարում հնարավոր չէր խուսափել այս ամենից։

Մենք ապրում են շատ արագ աշխարհում, որում մեր կյանքը կիսով չափ վիրտուալ է, կիսով չափ՝ իրական: Մենք կենտրոնացած ենք մեծ քաղաքներում, մեծ առեւտրի կենտրոններում, ճանապարհորդում ենք մեծ ինքնաթիռներով, հասցրել ենք վնասել բնությանը։ Ես չեմ կարծում, որ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով։ Աշխարհը փոխվում էր վերջին մի քանի տասնամյակներում։ Մենք դա չէինք նկատում։ Չէինք նկատում, որ սա բոլորովին ուրիշ աշխարհ է, եւ կորոնավիրուսը պարզապես արագացրեց այդ գործընթացը»,- նշել է նախագահն՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես եզակի չէ։

Պատասխանելով գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ երազում է, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր.

«Պետք է աջակցել այն անհատներին կամ խմբերին, որոնք կարող են նոր գաղափարներով հանդես գալ եւ փոխել աշխարհը։ Իմ երազանքն է աշխարհի հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Thales Group-ը, Dassault Systemes-ը, Siemens-ը, ստեղծել փոքր լաբորատորիաներ, դրանց միջոցով կրթել երիտասարդներին այս ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսապես աջակցել նրանց՝ հետագա գործունեության համար»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այսօր փոխվել են սովորելու ձեւերը, փոխվել է կենսակերպը, էլեկտրոնային կառավարումը դարձել է մեր կյանքի մասը։

«Սա անհատների ժամանակն է, որը կմիավորի մարդկային որակները՝ սկսած մշակույթից, գիտությունից, տեխնոլոգիաներից, ինչես նաեւ մարդկային արժեքները։ Եթե դուք ունեք նոր առաջնորդներ, որոնք այս խոցելի նոր աշխարհում զուրկ են բարոյականությունից, բարոյական արժեքներից, ապա մեծ դժվարությունների առջեւ կկանգնեք։ Մենք պետք է նաեւ նրանց սովորեցնենք լինել պատասխանատու առաջնորդներ, պատասխանատու իրենք իրենց, իրենց ազգի, ընտանիքի, բնության առջեւ»։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր մեկ այլ գաղափարի՝ փոքր երկրների ակումբի ստեղծման հնարավորությանը։

«Եթե գերտերությունները կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել փոքր երկրները։ Վերջերս իմ այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Սինգապուրի վարչապետի, Կատարի էմիրի, ԱՄԷ-ի առաջնորդի, Իսրայելի նախագահի։ Այս բոլոր երկրներում կարելի է նկատել տեխնոլոգիաների եւ նոր մտածողության կարեւորությունը։ Ես ուզում եմ Հայաստանը տեսնել որպես ստարտափային ազգ։ Մեր երկիրը փոքր է, բայց մենք համաշխարհային ազգ ենք, եւ մեր երկիրը կարող է լինել հաջողակ եւ ազդեցիկ»,- նշել է Արմեն Սարգսյանը: