17:51 | 19.06.20 | Նորություններ | 16679

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Խաշթառակում մեկնարկել են խարխուլ տանիքը նորով փոխարինելու աշխատանքները

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող Գուլակյաններն ազատվել են փլուզման եզրին գտնվող տանիքի խնդրից` Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում:

«Հին տանիքն այլեւս չկա: Այն շատ խարխուլ վիճակում էր: Դրանցի ազատվել ենք: Հիմա կարեւոր աշխատանքներ ենք իրականացնում: Հնից միայն հիշողություններն են մնացել: Իսկ նորը պետք է ամուր լինի», -ասել է ընտանիքի հայրը՝ Հարություն Գուլակյանը:

Իրավիճակով պայմանավորված, գործընկեր կազմակերպությունները չեն մասնակցում կամավորական աշխատանքներին, սակայն գործընթացը մնում է նրանց ուշադրության կենտրոնում: Նոր տեխնոլոգիաները դարձել են տանտերերի հետ կապող հիմնական օղակը:

«Հարութ, ձեր ընտանիքում չեմ եղել, բայց մեր թիմերի հետ աշխատանքային հեռավար շփումների արդյունքում, բավականաչափ տեղեկացված եմ։ Թեեւ սահմանապահ գյուղում չեք ապրում, բայց հայրենի երկրի սահմաններն եք պահպանում՝ որպես զինվորական։ Մենք էլ փորձում ենք Ձեր թիկունքն ամուր պահել՝ նման ծրագրերով: Ամուր մնացեք եւ զգույշ եղեք, որովհետեւ կա նաեւ երրորդ անհրաժեշտ գործը. առողջ մնալը։ Այսօր Ձեզ հետ խոսում եմ տեսազանգով, բայց հուսով եմ, որ երբ վիրուսի վտանգը չեզոքանա եւ այս ամենն ավարտվի՝ կհանդիպենք»,-տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, հեռավոր մարզում ապրող եւս մեկ ընտանիք շուտով կազատվի տարիների խնդրից: