10:34 | 17.06.20 | Նորություններ | 1904
Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,1%-ը 2020թ. հունվար-մարտ ամիսներին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%, իսկ Ադրբեջանում՝ 1,4%։
2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի 0,5%-ն է բախվել իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Վրաստանի օգտատերերի 0,6%-ը եւ Ադրբեջանի օգտատերերի 0,7%-ը։
Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020թ. առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 249 748 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 243 604-ի։
Փորձագետները նշում են, որ կիբեռահանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու եւ փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ եւ ֆիշինգ, ինչպես նաեւ ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային եւ կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին։
Տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի խոցելիությունները եւ դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։
Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար եւ ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։