17:03 | 14.05.20 | Նորություններ | 2253

    Ընդունվում են «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության հայտեր

    Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

    Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի հետեւանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու եւ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

    Հայտադիմումը լրացնելու եւ մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ձեւավորված կայք:

    Դասընթացները կազմակերպելու եւ անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։

    «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝

    կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին,
    կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
    կձեւավորեն կարողություններ եւ հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
    կզարգացնեն ինժեներական մտածողություն եւ մասնագիտական հետաքրքրասիրություն:

    Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում եւ Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից եւ հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:
      
    Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող եւ այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

    Ընդունելության առցանց թեստը բաղկացած է լինելու 10 հարցերից՝ 5 մաթեմատիկական եւ 5 տրամաբանական (հայերեն եւ անգլերեն լեզուներով)։ Թեստի անցողիկ նվազագույն շեմը Երեւանում գրանցված մասնակիցների համար սահմանված է ընդհանուր միավորների 60%-ը, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախից մասնակիցների դեպքում՝ 50%-ը: Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում մասնակիցը կարող է կրկին դիմել ծրագրին։

    Երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, 2 ժամ տեւողությամբ, խումբը կազմված է լինելու է մինչեւ 30 ուսանողից։ Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) ձեւաչափով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական անձնակազմում ներգրավված ոլորտի մասնագետների միջոցով:

    Դասընթացի ավարտին՝ 50% եւ ավելի միավոր ստացած մասնակիցներին կտրամադրվի ավարտական սերտիֆիկատ, ավելի ցածր միավորի պարագայում՝ ուսանողին կտվի մասնակցության տեղեկանք։

    Ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ դասընթացները կազմակերպվելու են մինչեւ տարեվերջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ապահովել շուրջ 2000 մասնակիցների համար: