16:29 | 14.05.20 | Նորություններ | 3065
2020-ը պատմության մեջ կամրագրվի որպես աշխարհի արմատական վերափոխման տարի, որը կարող են անմահացնել նաեւ տպավորիչ լուսանկարները: Այդ նպատակով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Covid-19-ը Հայաստանում» խորագրով:
Հիմնադրամում նշում են, որ մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մինչեւ 3 հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջեւ, հետեւյալ անվանակարգերում՝
Լավագույն լուսանկար (ոչ պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,
Լավագույն լուսանկար (պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,
Facebook-ում ամենաշատ հավանումներ հավաքած լուսանկար։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 22-ն է, ժամը՝ 23։59 (ՀՀ ժամանակով) ներառյալ։ Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ եւ ներբեռնել ներկայացվող լուսանկարները:
Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ «Covid-19»-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ ի շնորհիվ իր ճկուն մտածելակերպի եւ դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ:
«Մարդկային մտքի ճկունության եւ ստեղծագործ մոտեցման շնորհիվ տարբեր իրավիճակներում վերափոխվելու կամ ադապտացվելու մասին սերունդներին պատմում են արձանագրված փաստերը: Փնտրում ենք լուսանկարներ, որոնք ցույց կտան, թե Հայաստանում ինչպես է ընթանում արժեքների վերափոխումը, առաջնայնությունների վերանայումը եւ ադապտացումը նոր միջավայրին»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:
Նշենք, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։ Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 մեգապիքսել, առանց ձեւափոխման կամ խորը մշակման, առանց տեսանելի ջրանիշերի։ Ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, որոնք գնահատվելու են համատեղ։
Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ Հայաստանից եւ արտերկրից: Հաղթող կճանաչվեն մրցույթի խորագրին՝ «Covid-19-ը Հայաստանում» թեմային առնչվող լավագույն եւ առավել տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։
Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ info@eif.am էլ․փոստի հասցեով։