11:18 | 08.05.20 | Հարցազրույցներ | exclusive 82122

DISQO-ի համահիմնադիրը՝ COVID-19-ի ընթացքում սպառողական շուկայի վարքագծի եւ ընկերության տեսլականի մասին

COVID-19-ի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա անխուսափելի էր։ Այդ ազդեցությունների կրողներն են նաեւ բրենդները ու սպառողները։ Փոխվել է մարդկանց թե օնլայն եւ թե իրական գնումների վարքագիծը, ծավալն ու մոտիվները։ 

Եթե նախկինում հաճախորդը խանութից գնում էր այն բրենդի ապրանքը, որն իրեն ծանոթ էր, այժմ ստիպված է գնել այն, որն առկա է։ Այսինքն, բրենդի հավատարմությունը եւ արժեքը այժմ վտանգի տակ են։ Ուստի հիմա առավել քան երբեւէ հարկավոր է հետազոտել ու հասկանալ սպառողների կարծիքն ու վարքագիծը՝ ճիշտ բիզնես որոշումներ կայացնելու համար։ Հենց այս լուծումների շուրջ է կառուցված հայերի կողմից հիմնադրած DISQO ստարտափի գործունեությունը. օգնել բրենդներին, հետազոտական ընկերություններին ու գովազդային գործակալություններին ստանալ ճշգրիտ վերլուծություններ ու տվյալներ՝ սպառողական շուկայի կրած ազդեցությունները պարզելու համար։ 

Itel.am-ը սպառողական շուկայի կրած փոփոխությունների, DISQO-ի՝ բրենդներին տրամադրած լուծումների եւ ստարտափի վրա համավարակի ազդեցության մասին զրուցել է ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանի հետ։

Համավարակի շրջանում՝ օրական ավելի քան 100 հազ. հարցում

DISQO-ն սպառողական տվյալները՝ թե կարծիքային եւ թե պահվածքային, ուղղակիորեն հավաքագրում է հարցումների սեփական պանելի միջոցով։  Այն այս պահին լավագույնն է ոլորտում եւ ընդգրկում է 15 մլն օգտատերերի։ Վերջիններս հիմնականում գնորդներ են, որոնք, մասնակցելով տարբեր հարցումների ու թվային արշավների, տրամադրում են կարծիքային (opinion) եւ պահվածքային (behavior) տվյալներ, որոնց վերլուծության հիման վրա էլ մեզ հայտնի շատ բրենդներ կայացնում են իրենց բիզնես որոշումները։ 

Ի դեպ, պանդեմիայի ընթացքում մենք հատեցինք օրական 100 հազ. հարցումների սահմանը՝ հավաքագրելով աննախադեպ հարուստ ու բազմազան տվյալներ, որոնք անհրաժեշտ են մեր հաճախորդներին ու սպառողական շուկայի ոլորտին։ 

Պանդեմիայի ազդեցությունը ոլորտի վրա 

DISQO-ն ուղղակիորեն կապված է սպառողական շուկայի հետ, որն իր հերթին նկատելի փոփոխություններ է կրում այս շրջանում։ Գնումների վարքագիծը շատ է փոխվել այս ընթացքում թե առցանց եւ թե ավանդական հարթակներում։

Մեր հետազոտություններով պարզել ենք, որ, օրինակ, ապրիլին երկու շաբաթվա ընթացքում օնլայն գնումների թիվը 32.8%-ից աճել է 40%-ի։ Չնայած այս աճող տեմպին՝ սպառողները սկսել են 50.4%-ով ավելի քիչ ծավալի գնումներ կատարել, ինչն ազդակ է խանութների համար։ Բոլոր բրենդներն ու մարքեթինգային կազմակերպություներն առաջնային  փորձում են հասկանալ, թե ինչու՞ եւ ինչպե՞ս են այդ փոփոխություններն ազդելու իրենց բիզնեսներին։ Այս հարցի պատասխանից են կախված ճգնաժամային ռազմավարությունների մշակման ուղղությունները։ Դե իսկ մենք էլ ունենք պատասխանները գտնելու գործիքակազմը, միջոցներն ու մասնագիտական թիմը։ Ահա այստեղ է նկատվում մեր պրոդուկտի ու լուծումների աճող պահանջարկը։ 

Ավանդական հետազոտություններով, երբ կիրառվում են միայն կարծիքային կամ միայն պահվածքային տվյալներ, հնարավոր չէ արագ ու ստույգ պատասխաններ գտնելը։ Իսկ մենք միաձուլում ենք սպառողի կարծիքն ու օնլայն պահվածքը եւ տրամադրում եզակի վերլուծությունների արդյունքներ։

Թվային պահվածքի հետազոտությունները՝ լուծում DISQO-ից

Հետաքրքիր է, որ մեր տրամադրած թվային պահվածքի հետազոտության լուծումները, որ նախկինում ավելի բարդ էին ընկալվում մեր ոլորտում, հիմա ավելի մեծ պահանջարկ ունեն։ Եթե նախկինում սպառողների պահվածքի հետազոտություններն հավելյալ արժեք էր, այժմ առաջնային է դարձել։ Այժմ մեր ուժերը էլ ավելի ենք սեւեռել այս ուղղության վրա ու նոր շուկաներ ենք գրավում։ Ի դեպ, այս ուղղությամբ պրոդուկտները մեծամասամբ հենց Հայաստանյան գրասենյակում են մշակվում։ Ավելին, այս պահին մի քանի հնարավորություններ կա դրանց վրա աշխատող թիմերին միանալու համար։ 

Արդեն մի քանի խոշոր հետազոտություններ ենք հրապարակել պանդեմիայի վերաբերյալ, ինչպիսիք են «COVID-19-ի ազդեցությունը հանրային կարծիքի եւ վարքագծի վրա» եւ այլն։ Այս շարունակական հետազոտությունների հիման վրա 30-ից ավելի խոշոր պարբերականներ հետազոտական հոդվածներ են հրապարակել, որի արդյունքում ձեռք ենք բերել ավելի բարձր վարկանիշ ու ճանաչողականություն։ 

Այսպիսով, այս մարտահրավերը առիթ հանդիսացավ մեր նորարարական լուծումների ու տվյալների որակն ու կարեւորությունը շուկայում ավելի ընդգծելու համար։ Բոլոր ընկերություններն ունեն շահավետ ու օպտիմալ բիզնես որոշումներ կայացնելու պահանջ եւ դա էլ ստիպեց նրանց հասկանալ տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու առավելությունը։ Վստահ եմ, որ տվյալահեն կառավարման ու որոշումների տենդենցը կշարունակվի ու էլ ավելի կտարածվի։

Նարինե Դանեղյան