10:47 | 05.05.20 | Հարցազրույցներ | exclusive 79959
Կարեն Թռչունյանը Ֆակուլտետային հետազոտությունների ֆինանսավորման ծրագրի հաղթողներից է: Ծրագիրն իրականացնում են Ֆիլիպ Մորրիսի հայաստանյան գիտահետազոտական կենտրոնը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է իր գործունեության մասին, խոսել է նաեւ Հայաստանում գիտության ներկա վիճակի մասին:
***
Աշխատում եմ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնում որպես դոցենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում` որպես գիտաշխատող: Նաեւ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորաստեղծ կենտրոնի տնօրենն եմ:
Իմ թիմը հիմնականում զբաղվում է մանրէների կենսաքիմիայի եւ կենսատեխնոլոգիայի հետազոտություններով: Ուսումնասիրում ենք աղիքային ցուպիկը՝ որպես մոդելային օրգանիզմ եւ փորձում հասկանալ, թե ինչպիսի հնարավորություններ կան այն օգտագործելու ինչպես ջրածնի արտադրության ուղղությամբ՝ որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, այնպես էլ հասկանալու համար, թե թաղանթում գտնվող տարբեր սպիտակուցներ ինչպես են փոխազդում միմյանց հետ եւ ինչպես կարելի է այդ գիտելիքը ծառայեցնել բժշկական եւ այլ ոլորտներում:
Ֆակուլտետային հետազոտությունների ֆինանսավորման ծրագրի հաղթող դառնալու մասին
Ծրագրի մասին իմացա համացանցից, դիմեցինք եւ ճանաչվեցինք հաղթողներից մեկը։
Ընտրություն կատարելիս հիմնական չափորոշիչներից մեկը եղել է այն, թե քանի գիտական հոդվածներ ու հղումներ ենք ունեցել մինչ դիմելու պահը:
Մրցանակը ստացել ենք 2018թ. դեկտեմբերին: Արդյունքում հաջորդ տարվա ընթացքում կատարվեցին հետազոտություններ: Ես եւ իմ թիմակիցներն այդ հետազոտության արդյունքում հրապարակեցինք հոդված IUBMB Life բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային հեղինակավոր գրախոսվող ամսագրում: Հոդվածի նպատակն էր բացահայտել օրգանական թթուների ազդեցության մեխանիզմների բացահայտումը մանրէների գոյատեւման եւ պրոտոնի շարժիչ ուժի վրա:
Այստեղ կարեւոր էր ոչ միայն հոդվածի հրապարակման փաստն ինքնին, այլեւ այն, որ մի շարք մագիստրոսներ եւ ասպիրանտներ ինձ հետ համատեղ հետազոտություն իրականացնելու արդյունքում նման աշխատանք կատարեցին:
Դրամաշնորհի դիմելուց առաջ պետք է հիմք ստեղծել
Նախ խորհուրդ կտամ այն հետազոտողներին, ովքեր դիմելու են դրամաշնորհային ծրագրին, պրոցեսին լուրջ վերաբերվել, զարգացնել նորարար մտածելակերպ եւ ստեղծել համապատասխան նոր գիտելիք: Պետք է նաեւ ի նկատի ունենալ, որ արդյունքում իրենց հետազոտական աշխատանքները պետք է տպագրվեն: Կարեւոր չափանիշներից մեկն ապացուցելու, որ քո աշխատանքը պետք էր եւ արժանի էր գնահատանքի, միջազգային ամսագրերում այն հրապարակելն է, ինչն, իմ կարծիքով, պարտադիր է՝ որպես նմանատիպ դրամաշնորհների կարեւոր արդյունքներից մեկը։
Դրամաշնորհին դիմելուց առաջ պետք է հիմք ստեղծել դրա համար. սա նշանակում է՝ մինչ դիմելու պահն արդեն ունենալ համապատասխան հետազոտությունների արդյունքում տպագրված աշխատանքներ:
Լուծել երկրի առաջնահերթություններից բխող մարտահրավերները
Գիտության մեջ մարտահրավերները շատ-շատ են, բայց պետք է սկզբում փորձենք լուծել մեր պետության առաջնահերթություններից բխող մարտահրավերները:
Հայաստանում առկա հիմնական խնդիրն այն է, որ աշխատող գիտնականը չաշխատողից շատ քիչ է տարբերվում, այսինքն, արդյունավետության չափման խնդիր ունենք:
Երկրորդն այն է, որ Հայաստանում շատ փոքր գիտական համայնք ունենք. հաճախ չես հասկանում, թե գիտության որ ուղղությունն է առաջնային պետության համար: Բոլոր գիտնականները, իհարկե, համարում են, որ իրենց ուղղությունն է առաջնային եւ կարեւոր:
Անհրաժեշտ է ունենալ գիտական համակարգի օպտիմալացում, եւ այստեղ խոսքը կրճատումների մասին չէ: Պետք է ընդգծվեն ուղղություններ, որոնք առաջնահերթ են Հայաստանի համար եւ ունեն ռազմավարական նշանակություն: Ավելին, պետք է պոտենցիալ եւ հետազոտական ունակություններ ու գիտական խնդիրներ լուծելու ունակ գիտնականներին առաջնահերթություններ տրվեն։
Պետությունը պետք է հստակ ձեւակերպի, թե ինչ է ուզում գիտության ոլորտից: Եթե ոչինչ չի ուզում, ապա ոչինչ չի էլ կարող պահանջել: Քանի որ մեզ մոտ մասնավոր հատվածից պատվերները քիչ են, ապա առաջինը պետք է պետությունը ներդրում կատարի գիտության մեջ, որից հետո նոր մասնավորը կգա։
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա այն իրոք քիչ է: Իհարկե, ինչքան գիտությանը շատ ֆինանսավորում հատկացնես, այնքան` լավ: Այստեղ պետք է սահմանել, թե ինչ նվազագույն ֆինանսավորում է պետք հատկացնել, որպեսզի ունենանք լավ վիճակի գիտության ոլորտ: Այս խնդիրների լուծումների համար անհրաժեշտ է ունենալ գիտության զարգացման կոնցեպցիա եւ դրա իրականացման համար շատ երկար ժամանակ պետք չէ: Իհարկե կլինեն դժգոհությոններ, սակայն առանց դրանց հնարավոր չէ: