17:23 | 11.07.19 | Նորություններ | 14192

DISQO-ն նշել է երեւանյան գրասենյակի ընդլայնումը

Հուլիսի 10-ին DISQO ամերիկյան ստարտափը նշել է իր հայաստանյան թիմի եւ գրասենյակի ընդլայնումը:

Միջոցառմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներ։

«Ուրախ ենք, որ հայաստանյան թիմը մեզ միացավ ստարտափի աճի այս վաղ փուլում՝ բիզնեսի համար կարեւոր ազդեցություն թողնելով։ Բարձր ենք գնահատում տեղի մասնագետների պոտենցիալը, շարունակում ենք ընդլայնել թիմը՝ ստարտափի զարգացման նոր փուլ մտնելով»,- նշել է ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

«Նման նախաձեռնություններով հնարավոր է կանխել տաղանդի արտահոսքը՝ ստեղծելով կարիերայի աճի հնարավորություն հենց Հայաստանում։ Ժամանակն է ձեւավորել նոր մշակույթ՝ հնարավորությունների ու փորձի ներդրման համար»,- ընդգծել է հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։

«Երեւանի գրասենյակի գործունեության մի քանի ամիսների ընթացքում ձեւավորել ենք 30-ից ավելի առաջադեմ մասնագետներով համալրված թիմ, որը համատեղ աշխատում է ԱՄՆ-գրասենյակի հետ՝ միեւնույն պրոցեսներով ու դերերով»,- պատմել է Հայաստանի ինժեներական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը:

Համատեղ աշխատանքի շնորհիվ DISQO-ն թողարկել է նոր պրոդուկտներ՝ ընդլայնելով ստարտափի գործընկերների թիվն՝ աշխարհում առաջատար հետազոտական կազմակերպություններով, գովազդային գործակալություններով եւ Fortune 1000 ցանկում ընդգրկված այլ ընկերություններով։

Տարվա ավարտին DISQO-ն կունենա նաեւ թրեյնինգ-ինտերնշիփ ծրագիր, որ կպատրաստի այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են տվյալների ինժեներները (data engineer)։ Ընկերության ազատ հաստիքներին կարելի է ծանոթանալ այստեղ: