14:59 | 29.04.20 | Հոդվածներ | exclusive 90848

COVID-19-ը եւ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը. Expper Technologies

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեխնոլոգիական ընկերությունները անցել են աշխատանքի հեռահար ռեժիմի: Itel.am-ը ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ զրույցում պարզում է գործունեության վրա համավարակի ազդեցությունը, հեռավար աշխատանքի կազմակերպման նրբությունները, դրական եւ բացասական կողմերը, եւ համավարակից հետո մեզ սպասող աշխարհի մասին նրանց պատկերացումները:

***
Հայաստանում հիմնադրված Expper Technologies ընկերությունն իր ստեղծած ռոբոտների միջոցով օգնում է երեխաներին հաղթահարել սթրեսն ու ընկճվածությունը՝ բուժման ընթացքում:

Ընկերությունը ստեղծել է արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող Robin ռոբոտը, որը կարող է ստեղծել եւ տարածել զգացմունքներ՝ մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում: Robin-ը, որը ներկայում թեստավորման փուլում է մի շարք հիվանդանոցներում, իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ օգնում է բուժում ստացող երեխաներին դուրս գալ դեպրեսիվ վիճակից եւ դառնալ առավել հաղորդակցվող, ինչի արդյունքում հեշտանում է բժշկական անձնակազմի աշխատանքը:

Expper Technologies-ի համահիմնադիր Կարեն Խաչիկյանը նշում է, որ թիմը վերջին շաբաթներին աշխատում է հեռավար եղանակով:

«Նոր պրոցեսներ ենք ներմուծել, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ գնահատել կատարված աշխատանքը։ Ժամանակին, երբ բոլորս մի տեղում էինք, շատ հեշտ էր task managment (հանձնարարականի կառավարում) իրականացնել, իսկ հիմա ամբողջ գործընթացը հեռավար տարբերակով է կատարվում», - ընդգծում է նա:

Ընկերության թիմը հիմնականում հաղորդակցվում է օնլայն հարթակների միջոցով զանգեր իրականացնելով։ Այս ընթացքում օգտագործում են Zoom, Slack հարթակները՝ հաղորդակցությունն արդյունավետ իրականացնելու համար։ 

Հեռավար ձեւաչափի դժվարությունների մասին

Կարենը նշում է, որ այս շրջանում բարդ է իրականացնել Ռոբինի սարքային փոփոխությունները, քանի որ դա ֆիզիկական միջամտություն է պահանջում։

«Ընկերության տեխնիկական տնօրեն Հայկը ստիպված Ռոբինին իր տուն է տարել ու այդպես է աշխատում։ Ստիպված էինք բոլոր սարքավորումները տանել իրենց տուն՝ այն դարձնելով մեր լաբորատորիան։ Նման իրավիճակը ստիպում է ընկերության ներսում բարելավել պրոցեսները, քանի որ այլեւս չկա կողք-կողքի աշխատելու տարբերակը։ Նոր գործիքների կիրառումը հնարավորություն տվեց ավելի ճշգրիտ իրականացնել աշխատանքի վերահսկումը»,- նշում է նա:

Ռոբինը կլուծի հիվանդանոցներում սահմանափակ շփումների խնդիրը

Կարենը նշում է, որ ստեղծված իրավիճակը մեծ բարդություններ է ստեղծել երեխաների համար, որոնք գտնվում են հիվանդանոցներում, քանի որ տեսակցությունները զգալիորեն սահմանափակվել են, եւ անգամ բուժանձնակազմն է խուսափում ավելորդ անգամ շփվել երեխաների հետ։



«ԱՄՆ-ի հիվանդանոցները լուծումներ են փնտրում, որպեզի կարողանան հեռավար տարբերակով շփում իրականացնել հոպիտալացված երեխաների հետ՝ սթրեսը եւ անհանգստությունը նվազեցնելու նպատակով։ Ռոբինն այդ խնդիրն ամբողջովին կարող է լուծել, եւ մենք շուտով մեծ նորություններ կունենանք»,- ընդգծում է նա:

Պանդեմիան թույլ կտա ադապտացնել նոր տեխնոլոգիաները

Կարենի խոսքով, համավարակը ստիպեց կազմակերպությունների մեծ մասին անցնել հեռավար աշխատանքի, ինչը հնարավորություն կտա փոխել կառավարման հին ձեւերը եւ ադապտացնել նոր տեխնոլոգիաները։ Քայլեր կարվեն նաեւ ռեսուրսների օպտիմալացման համար։ 

«Ամբողջ աշխարհը, վստահաբար, էլ հինը չի լինի, քանի որ այս նոր ապրելակերպը մարդկանց մոտ վարքային փոփոխություն է առաջացնելու։ Ընկերությունները պետք է կարողանան ճկուն լինել եւ ադապտացվել այս նոր իրականությանը։ Նաեւ  բարդություններ են սպասվում նոր ներդրումների ներգրավման հարցում, դրա համար անհրաժեշտ է եկամուտների ավելացմանն ուղղված շատ արագ քայլեր ձեռնարկել»։

Նարինե Դանեղյան