13:53 | 23.04.20 | Նորություններ | 6839

«Տիգրան» չատբոտը Օղակաձեւ զբոսայգու վերաիմաստավորման գաղափարներ կհավաքի եւ կկիսվի պատմություններով

Երեւանի օղակաձեւ զբոսայգու զարգացման հայեցակարգի մշակման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) «Ստրելկա» ԿԲ-ի հետ մշակել է «Տիգրան» անունով չատբոտը, որը հարցում է անցկացնելու ֆեյսբուքյան օգտատերերի հետ՝ կիսվելու զբոսայգու մասին հետաքրքիր պատմություններով եւ հազվագյուտ պատմական նկարներով։

Տարեսկզբին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը մեկնարկեց Երեւանի քաղաքային միջավայրի վերափոխման ծրագիր՝ որպես պիլոտ ընտրելով Երեւանի երիտասարդության այգին (նախկինում՝ Օղակաձեւ զբոսայգի)։ Ռուսական «Ստրելկա» ԿԲ քաղաքային խորհրդատվական ընկերության մեթոդաբանական աջակցությամբ՝ հայ քաղաքային մարդաբաններին առաջարկվեց ուսումնասիրել երեւանաբնակների՝ զբոսայգու հանդեպ ունեցած արժեքները եւ պահանջները, որոնք տեղացի ճարտարապետների եւ քաղաքաշինարարների համար հետագա դիզայնի եւ բարեկարգման հիմք են հանդիսանալու։

Մարդաբանական հետազոտության առաջին փուլը մեկնարկեց մարտին, սակայն երկրում արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում գործընթացը դադարեցվեց՝ անհնարին դարձնելով դեմառդեմ հարցազրույցները։ 

«Ստրելկա» ԿԲ-ի մասնագետները կարճ ժամանակահատվածում կարողացան մշակել թվային ծրագիր, որը հնարավորություն է տալիս մարդու հետ շփումը փոխարինել առցանց երկխոսությամբ եւ օրվա ցանկացած ժամի ֆեյսբուքյան օգտատերերի հետ խոսել զբոսայգու մասին։ Որպես հարեւան՝ բոտը զրուցակցից հավաքում է զբոսայգու մասին մեկնաբանություններ եւ բարեկարգման առաջարկներ։ Ի երախտագիտություն՝ այն ուղարկում է զբոսայգու մասին հետաքրքիր պատմություններ, ընդհուպ՝ տարածքում նկարված ֆիլմերից հատվածներ։

Ֆեյսբուքի յուրաքանչյուր օգտատեր կարող է զրուցել չատբոտ Տիգրանի հետ՝ սեղմելով այստեղ եւ ուղարկելով նամակ։ Որոշ դեպքերում չատբոտը տալիս է բազմակի ընտրությամբ հարցեր, մի քանի դեպքերում էլ՝ օգտատերը գրում է իր պատասխանը։ Ի դեպ՝ եթե նույնիսկ երկխոսությունն ավարտվել է բոտի հետ, դա չի սահմանափակում օգտատիրոջն ավելացնել նոր առաջարկներ։ Բոլոր օգտատերերի պատասխանները պահպանվելու են չատբոտի հիշողության մեջ՝ թիմի կողմից հետազոտվելու են՝ Օղակաձեւ զբոսայգու ապագա զարգացման հիմնական առաջնահերթությունները վերհանելու նպատակով։

Օղակաձեւ այգին Երեւանի ամենամեծ զբոսայգին է, սակայն դրա մոտ 80 տոկոսը մասնավորեցված է։ Որպես «քաղաքի թոքեր» նախագծված զբոսայգին ներկայումս ունի տարեկան մոտ 200,000 այցելու։ ՄԱԶԾ-ի համար առաջնային խնդիր է զբոսայգու դիզայնի գործընթացին՝ երեւանաբնակների ներգրավումն ու այս խոստումնալից հանրային տարածքի հանդեպ ունեղած հարաբերությունների փոփոխումը: