12:19 | 23.04.20 | Նորություններ | 1833

COVID-19-ը կստիպի բիզնեսին արագացնել թվային փոխակերպման գործընթացը

COVID-19 համավարակը կստիպի ընկերություններին արագացնել թվային փոխակերպման գործընթացը, կարծում են OpsRamp ընկերության փորձագետները՝ վկայակոչելով 137 ՏՏ մենեջերների շրջանում իրականացրած հարցումը:

Նշվում է, որ թվային փոխակերպման իրականացմանն առավել հակված են այն ընկերությունները, որոնք սուր մրցակցության մեջ են հայտնել: Արդյունքում, համավարակը կարող է խթանել, որ այդ ընկերությունները նախկինից ավելի շատ ջանքեր եւ միջոցներ ուղղեն թվային փոխակերպման գործընթացին:

Հարցմանը մասնակցած մասնագետների 73%-ն ասել է, որ բիզնեսի թվային փոխակերպումը ներկայում առաջնահերթություն է իրենց ընկերությունների համար:

«Թվային ծառայությունները եւ պրոդուկտները թույլ կտան ընկերություններին հաղթահարել դանդաղ բիզնես գործընթացները, ստեղծել հաճախորդների վստահության բազա, եւ հավատարիմ մնալ պատվիրատուներին, ինչը շատ կարեւոր է նորմալ կյանքի վերադառնալու ընթացքում»,- նշել են հետազոտության հեղինակները:

Հարցվածների 58%-ը ծրագրում է ավելացնել բիզնեսի թվային փոխակերպմանն ուղղված ծախսերը: Միայն 38%-ն է ծրագրում կրճատել այդ ուղղությամբ բյուջեն:

Թվային փոխակերպման գործընթացում ընկերությունները պլանավորում են նոր աշխատակիցների ներգրավել, այդ թվում՝ ֆինանսական ՏՏ վերլուծաբաններ, ծրագրավորողներ, տվյալների մշակման եւ վերլուծության մասնագետներ: