10:50 | 23.04.20 | Նորություններ | 2445

Հայտնի են COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում դրամաշնորհային ծրագրի հաղթողները

Ամփոփվել են Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի արդյունքները:

«Կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրության, բուժման արդյունքների գնահատման ու առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակման» նախագիծն արժանացել է 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:

«Վիրուսների ֆոտոդինամիկ ինակտիվացում - կարող են օգտագործվել տարածքները եւ բժշկական գործիքների ախտահանման համար, իսկ հետագայում, փորձարկումից հետո, որպես դեղամիջոց» նախագիծը ստացել է 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:

«Բժշկական սարքավորումների հականեխիչ սարք UV» նախագիծն արժանացել է 3 մլն ՀՀ դրամ, «Թոքերի արհեստական օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգ (նվազագույն ծախսատարությամբ թոքերի օդափոխման, խորխահեռացման եւ մանրէազերծման բարձր արդյունավետություն ապահովելու)» եւ «Դեղերի օգտագործման վերաբերյալ գիտական տվյալների, ինչպես նաեւ դրանց ապահովման համար օգտագործվող ռազմավարությունների վերաբերյալ միջազգային փորձի մասին տվյալների բազայի ստեղծում եւ մշակում» նախագծերը՝ երկուական մլն դրամ դրամաշնորհի:

Մրցույթի առաջին՝ հայտերի գնահատման փուլում, դիմումների եւ ներկայացված կից փաստաթղթերի հիման վրա գնահատվել են նախագծի օգտակարությունը եւ իրագործելիությունը: Հանձնաժողովի անդամների կողմից ամենաբարձր միավորներ հավաքած ծրագրերն անցել են հաջորդ փուլ:

Ընդհանուր առմամբ, ստացվել է 135 դիմում, որոնցից հանձնաժողովի կողմից քննության է ենթարկվել 122-ը (13 դիմում անվավեր է հայտարարվել, քանի որ ստացվել են անհատներից, ինչպես նաեւ եղել են կրկնվող դիմումներ):

Մրցույթի երկրորդ փուլը կազմակերպվել է առցանց՝ տեսակապի միջոցով: Դիմորդներից յուրաքանչյուրին տրվել է 3 րոպե՝ մրցութային հանձնաժողովին ծրագիրը ներկայացնելու համար՝ շեշտադրելով օգտակարությունը, իրագործելիության արագությունը, նորարարությունը, իրականացնող թիմը, ֆինանսական գնահատականի համապատասխանությունը, ապա 5 րոպե՝ հանձնաժողովի անդամների կողմից հարցերին պատասխանելու համար:

Հաղթող նախագծերը ներկայացվել են հետեւյալ կազմակերպությունների կողմից՝ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ, Ա.Ի.Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ: