14:23 | 08.04.20 | Նորություններ | 2071
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, ի պատասխան թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծման հայկական արտադրությանն աջակցելու նախարարության կոչին, մինչ օրս 280-ից ավելի նամակ են ստացել:
«Տարբեր տեղերից տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են եւ ենթակա են շահագործման, եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն առողջապահության նախարարությանը: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում: Սարքերը տրամադրում ենք Ինժեներական ասոցիացիային, որն Ինժեներական քաղաքում վերանորոգում է այդ սարքերը եւ բերում աշխատանքային վիճակի»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով, այս ընթացքում նախարարությունը ստացել է տասնյակ նամակներ, այդ թվում՝ արտերկրից: Սփյուռքի հայրենակիցներն առաջարկում են իրենց օգնությունը տեղի ինժեներներին:
Նախարարն ընդգծել է, որ այսպիսի սարքերի նախագծումը բարդ գործընթաց է:
«Սա մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ: Նույնիսկ ոչ փորձարկված, բայց աշխատող եւ արդյունավետ սարք ունենալու համար մեծ աշխատանք պիտի տարվի»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով, Հայաստանում առկա գործարանները, ինժեներական ընկերությունները, համալսարանները, գիտահետազոտական խմբերը պատրաստակամություն են հայտնել օժանդակել թոքերի օդափոխման սարքերի նախագծման, թեստավորման, պահեստամասերի եւ այլ բաղադրիչների արտադրության կամ ներկրման գործընթացներին, ինչպես նաեւ մեծացնել արտադրական ծավալները եւ ներգրավել նոր մասնագետներ: