15:38 | 27.03.20 | Նորություններ | 161454

Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի ստեղծած առաջին համալսարանական կրթական հարթակին

Մարտի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։

Ներկայում տեսաձայնագրվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել է ավելի քան 1000 ուսումնական նյութ, որպեսզի Պոլիտեխնիկի սաները միասնական ձեւաչափով անցնեն առցանց ուսուցման։

«Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների եւ ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էր դեռեւս մինչեւ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը Պոլիտեխնիկի «Սեւունի | Sevuni» աշխատանքային խմբի կողմից։ Վերջինս հարթակը բրենդավորել է iUniversity անվամբ՝ իրականացնելով ողջ աշխատանքները»,- նշել է Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։

Հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած ուսումնական հաստատության գրանցել իր դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին եւ ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն անցկացնել, ներբեռնել ուսումնական նյութեր, ստեղծել գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր եւ գնահատել։

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Վիվա-ՄՏՍ ընկերությունը տրամադրում է ինտերնետի հասանելիություն առանց հավելյալ վճարի՝ իր ծառայություններից օգտվող ուսանողներին եւ աշակերտներին՝ հայկական առաջին առցանց ուսուցման iUniversity հարթակից օգտվելու համար։ Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի բաժանորդների համար հարթակից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի:

«Պոլիտեխնիկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, այս կարեւոր պահին Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին աջակցելու համար»,- նշել է ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։