16:22 | 24.03.20 | Նորություններ | 2644
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առեւտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առեւտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։
Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առեւտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ:
Նրանք, մասնավորապես, նշել են, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առեւտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչեւ 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Ընկերությունների ներկայացուցիչները նաեւ վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաեւ մարզերում:
Ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են հարկման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման եւ կայքերի լոկալիզացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ներկայացրել առաջարկներ այդ ուղղություններով:
Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը՝ նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաեւ առցանց առեւտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման եւ մի շարք այլ հարցերի:
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբելու ուժերը երկրում ստեղծված իրավիճակում հանրությանը՝ առցանց առեւտրի միջոցով հնարավորինս հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով: