13:36 | 24.03.20 | Նորություններ | 1943

«911ՍՕՍ» հավելվածը կօգնի մեկ հպումով կապ հաստատել 911 ծառայության հետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության կողմից ներդրված եւ գործարկված «911ՍՕՍ» անվճար մոբայլ հավելվածը կհեշտացնի կապը «911» ծառայության հետ:

Այն կարելի է ներբեռնել Google Play-ից եւ AppStore-ից:

Հավելվածը կարող է օգնել հատկապես այն քաղաքացիներին, որոնք ունեն սահմանափակ կարողություններ (խուլուհամրեր, տարեց մարդիկ եւ այլն): Այն թույլ է տալիս մեկ հպումով կապ հաստատել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայության հետ՝ հնարավորություն տալով վերջինիս տեղորոշել զանգ կատարողին:

Եթե զանգ կատարողը նախապես գրանցված է եղել «911ՍՕՍ» հարթակում, ապա «911»-ի զանգ ընդունող օպերատորը զանգի հետ կստանա նաեւ այլ տեղեկություններ ահազանգողի մասին, որը կօգնի առավել հասցեական եւ համարժեք արձագանք տալ տվյալ անձին:

«Սօս Սիսթեմս» ընկերության տնօրեն Վահագն Ծատուրյանի խոսքով, հավելվածը կարող է օգտագործվել մեկուսացված անձանց կողմից՝ մեկուսացման ռեժիմը վերահսկելու հարցում:

«Մեկուսացված անձինք հավելվածի միջոցով որոշակի պարբերականությամբ կարող են տեղեկություն ուղարկել օպերատորներին իրենց գտնվելու վայրի մասին՝ ընդամենը մեկ հպումով: Բացի այդ, հավելվածն ընձեռում է նաեւ թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ, օրինակ՝ որեւէ կոնկրետ գոտում գտնվող բոլոր օգտատերերը միաժամանակ կարող են տեղեկատվություն ստանալ տվյալ գոտում գրանցված պատահարի կամ իրավիճակի եւ անհրաժեշտ վարքականոնների մասին»,- ընդգծել է Վահագն Ծատուրյանը:

«Սօս Սիսթեմս» ընկերությունում նշել են, որ պատրաստ են անհրաժեշտության եւ պահանջ առաջանալու դեպքում հավելվածը համալրել այլ անհրաժեշտ գործիքներով, որոնք կհեշտացնեն համապատասխան պետական մարմինների աշխատանքը՝ արտակարգ դրության պայմաններում: