12:10 | 12.03.20 | Նորություններ | 2503

DataArt-ի գործադիր տնօրեն. Հայաստանը բիզնեսի տեսանկյունից լավագույն երկրներից է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանը, Շվեյցարիայի DataArt ընկերության կորպորատիվ եւ բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ալեքսանդր Մակեյենկովը, ինչպես նաեւ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը:


Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին, մատնանշել այն շոշափելի արդյունքը, որը գրանցել է ընկերությունը Հայաստանում մեկ տարվա ընթացքում, իրագործված նախագծերն ու ներդրումները, ստեղծված տասնյակ աշխատատեղերը եւ հայ մասնագետների տաղանդների շնորհիվ ընկերության իրագործած խորքային զարգացման ծրագրերը։

«Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել»,- ասել է DataArt Solutions-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, նշելով, որ տպավորված է Հայաստանով ու հայ մասնագետներով: Նա ընդգծել է, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկն է բիզնեսի տեսանկյունից` գրանցումից մինչեւ բուն գործունեություն ծավալելը։


Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ ընկերությունը սպասվածից ավելի արագ աճ է ունեցել Հայաստանում եւ հաշվի առնելով մեկնարկային տեմպերն ու հայ ինժեներների մասնագիտական ունակությունները՝ համոզված են, որ յուրաքանչյուր տարի առավել մեծ արդյունքներ կգրանցվեն։

Ընկերության գործադիր տնօրենը նաեւ ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ իրենց հիմնական գործունեությունն է իրականացվում, առկա է մեծ  հետաքրքրություն եւ պահանջարկ հայ մասնագետների նկատմամբ, ինչպես նաեւ՝ Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն: Այստեղ, սակայն, շատերը չգիտեն, թե ինչպես հասնել հայկական տաղանդներին եւ DataArt Solutions-ը կարող է կամուրջ  հանդիսանալ Հայաստանի եւ նման ընկերությունների միջեւ։

Ալեքսեյ Միլլերը մանրամասներ է ներկայացրել իրենց գործունեության  վերաբերյալ՝ նշելով, որ այն 4 հիմնական ուղղություններով է իրականացվում՝ ֆինանսներ, մեդիա, առողջապահություն, զբոսաշրջային գործունեություն։ Ընկերության արտադրանքի 60%-ը շրջանառվում է ԱՄՆ-ում, 30%-ը Անգլիայում, շուրջ 10%-ը՝ Եվրոպայում։ Ներկայում գրասենյակ են բացել Դուբայում՝ նպատակ ունենալով ներկայանալու եւ հաստատվելու նաեւ արեւելյան շուկաներում։


Հակոբ Արշակյանի խոսքով՝ Հայաստանում ոլորտը բավական զարգացած է, բայց դեռ կան բազմաթիվ ուղղություններ, որոնցում կարելի է նոր տեխնոլոգիական լուծումներ ներդնել։ Խոսվել է նաեւ արեւելյան երկրներում համատեղ գործակցության հնարավորությունների մասին, որոնք հնարավոր է համատեղել DataArt Solutions-ի ծրագրերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ՝ կրթության ոլորտում, «Վիրտուալ կամուրջ» եւ այլ ծրագրի շրջանակներում։