Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ իրերի ինտերնետի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերությունը արդեն մի քանի ամիս է գործում է Հայաստանում: Ընկերության նորաստեղծ գրասենյակը շուրջ 30 աշխատակից ունի:
Առաջին հաջողությունների եւ ապագա ծրագրերի մասին Itel.am-ը Երեւանում զրուցել է ընկերության գլխավոր մենեջեր Միխայիլ Զավիլեյսկու, HRM-ի ղեկավար Յուլիա Զավիլեյսկայայի եւ DataArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանի հետ:
- Հայաստանյան գրասենյակը գործում է արդեն մի քանի ամիս: Ի՞նչ արդյունքներ է այն գրանցել այս ժամանակահատվածում եւ որքանո՞վ են արդարացվել ձեր սպասելիքները:
Արսեն. Անցել է ընդամենը 6 ամիս, եւ հաշվի առնելով հայկական շուկայի բարդությունը եւ անձնակազմ հավաքագրելու հարցը, մենք այս ընթացքում մեծ առաջընթաց ենք արձանագրել: Մեր թիմը գերազանցում է 30-ը: Դա վկայում է այն մասին, որ DataArt-ի հայկական եւ համաշխարհային գրասենյակների համատեղ աշխատանքը ստացվել է:
Արսեն Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս
Մեր աշխատակիցներն արդեն հաջողությամբ ներգրավվել են DataArt-ի գլոբալ նախագծերում: Այդ նախագծերի մասնակիցների եւ ղեկավարների արձագանքները բավականին լավն են:
Միխայիլ. Հայկական գրասենյակի հիմնական նվաճումն այն է, որ ընկերության ներսում հաջողվեց ձեւավորել համաշխարհային DataArt-ի ուժեղ հեղինակություն: Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մեր գործընկերներն ասում են, որ նրանց պետք են ավելի շատ մասնագետներ: Սա ամենալավ նշանն է ցանկացած գրասենյակի համար: Գործընկերներն, իրենց հերթին, փորձում են տեղական աշխատաշուկայում լավ հեղինակություն ստեղծել ընկերության համար: DataArt-ը միշտ փորձում է մեծ ուշադրություն դարձնել դրան, քանի որ մենք մարդակենտրոն ընկերություն ենք:
Միխայիլ Զավիլեյսկին
photo © Մեդիամաքս
DataArt-ն իր աշխատակիցներին թույլ է տալիս աշխատել նաեւ այլ գրասենյակներից: Գրասենյակները կարող են իրենց աշխատավայր տրամադրել, եւ այժմ Երեւանը «աշխատանքային տուրիզմի» չեմպիոն է: Շատերը գալիս են այստեղ աշխատելու ընտանիքների հետ:
Յուլիա. Երեւանը գրավեց շատ հետաքրքրված խմբեր ընկերության ներսում եւ դարձավ ներքին ուժերի ձգողության կենտրոններից մեկը: Այստեղ արդեն անցկացվել են տարբեր հավաքներ. մեդիա-պրակտիկան, թվային վերափոխման պրակտիկան, հավաքվել էին QA-մասնագետները եւ այլ խմբեր: Բոլորն ասում են, որ այստեղ հիանալի է, հետաքրքիր է, որ այստեղ խելացի գործընկերներ են: Սա հրաշալի պատկեր է ստեղծում եւ ամրապնդում Երեւանի հեղինակությունը DataArt-ի միջազգային քարտեզում: Բացի այդ, իմ կարծիքով, մենք աստիճանաբար մեր տեղն ենք զբաղեցնում տեղական ՏՏ լանդշաֆտում:
- DataArt-ի յուրաքանչյուր գրասենյակ յուրահատուկ է: Ո՞րն է երեւանյան գրասենյակի առանձնահատկությունը:Յուլիա. Մենք ունենք ընդհանուր գլոբալ սկզբունքներ, բայց հաշվի ենք առնում նաեւ այն, ինչը կարեւոր է յուրաքանչյուր քաղաքում: Եթե խոսենք Երեւանի մասին, այստեղ մարդիկ իսկապես բարձր են գնահատում մեր ճկունությունը, միջազգային մակարդակը, անկեղծությունը, բազմազանությունը:
Յուլիա Զավիլեյսկայայան
photo © Մեդիամաքս
Երեւանն իրեն դրսեւորել է որպես տարբեր ոլորտների եւ տեխնոլոգիաների գերազանց մասնագետների աղբյուր: Շատ հաճախ, եթե չենք կարողանում գտնել անհրաժեշտ մասնագետի, մտածում ենք Երեւան գնալու մասին: Մենք մեզ համար անսպասելի հայտնագործություն արեցինք՝ այստեղ կա շատ գրավիչ աշխատաշուկա:
Միխայիլ. Երեւանը հետաքրքիր է նաեւ նրանով, որ ընդլայնում է ժամային գոտիները, որոնցում գործում է ընկերությունը: Մի կողմից դա խնդիրներ է առաջացնում, մյուս կողմից՝ աստիճանաբար մեծացնում է այն դիապազոնը, որում ընկերությունը գործում է:
Արսեն Բաղդասարյանը, Միխայիլ Զավիլեյսկին եւ Յուլիա Զավիլեյսկայայան
photo © Մեդիամաքս
Մուտքը դեպի Արեւելքի շուկաներ շատ հետաքրքիր ու հեռանկարային ուղղությունն է DataArt-ի համար: Հիմա մենք փոքր գրասենյակ ենք բացում Դուբայում: Երեւանյան գրասենյակի մեր գործընկերները Հայաստանի կառավարության պատվիրակության կազմում այցելել էին Քաթար: Հուսով ենք, որ Երեւանը կդառնա ոչ միայն դեպի Արեւմուտք մասնագետների մատակարար, այլեւ «բանալի» Արեւելքի շուկաներ մուտք գործելու համար:
Զրուցել է Նարինե ԴանեղյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի