Ջոն Շեգերյանը
Ջոն Շեգերյանը եւ Նարինե Դանեղյանը
11:22 | 28.10.19 | Հարցազրույցներ | exclusive 285594
Ջոն Շեգերյանը սոցիալական ձեռներեց է, ամերիկյան ERI ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը, որը էլեկտրոնիկայի եւ կիբեռ անվտանգության սարքերի վերամշակմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է ԱՄՆ-ում։ ERI-ն այսօր յուրաքանչյուր տարի մշակում է էլեկտրոնային թափոնների ավելի քան 453,5 հազ. տոննա՝ ԱՄՆ-ում գտնվող 8 կետերում:
Շեգերյանը նաեւ փորձառու խոսնակ եւ փորձագետ է, ում հրավիրում են կիսվելու իր փորձով ամբողջ աշխարհում։ Նրա փորձագիտական տեսակետը հրապարակվում է այնպիսի մեդիաներում, ինչպիսիք են Wall Street Journal-ը, TIME-ը, Newsweek-ը, Forbes-ը եւ այլն։
WCIT 2019-ի շրջանակում Itel.am-ը զրուցել է Ջոն Շեգերյանի հետ:
- Սա ձեր առաջին այցն է Հայաստան։ Ինչպիսի՞ն են տպավորությունները։
- Ես 57 տարեկան եմ, ճանապարհորդել եմ ամբողջ աշխարհում եւ եկել իմ հայրենիք, որտեղից են իմ տատիկն ու պապիկը։ Սա մի յուրահատուկ զգացողություն է, եւ միայն այն ժամանակ, երբ գալիս ես Հայաստան, հասկանում ես, թե դա որքան կարեւոր էր քեզ համար։
- Այսպիսով, ի՞նչ գիտեիք հայկական տեխնոլոգիական եւ ձեռներեցական ոլորտի մասին մինչ Հայաստան այցելելը։
- Երբ ինձ հրավիրեցին որպես խոսնակ մասնակցել WCIT-ին, ես պետք է ասեի՝ այո՛։ Իմ ողջ կյանքում ես շատ զբաղված եմ եղել ԱՄՆ-ում գործող իմ բիզնեսով եւ այդ պատճառով հնարավորություն չեմ ունեցել ինքս տեսնել Հայաստանը։ Երեխաներս եւ կինս, որոնք բազմիցս այցելել են հայրենիք, ինձ անընդհատ հորդորում էին այցելել Հայաստան եւ վերջապես ես որոշեցի գալ։
Ջոն Շեգերյանը եւ Նարինե Դանեղյանը
Մի քանի շաբաթ առաջ Նյու Յորքում հանդիպեցի Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, ով ինձ ներկայացրեց իր տեսլականը՝ կապված շրջակա միջավայրի պահպանման հետ, եւ քանի որ ես վերամշակման բիզնեսում եմ, դա ինձ համար կարեւոր տեղեկատվություն էր։ Նախարար Գրիգորյանն ինձ պատմեց, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը տարեկան 25% աճ է գրանցում, ինչը շատ ոգեւորիչ է եւ տնտեսական հնարավորությունները` համակցված շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունների հետ, շատ ակնառու են: Հայաստանում հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, որոնք շատ մարդամոտ են եւ մեծ սիրով կիսում են իրենց ժամանակը եւ գիտելիքն ինձ հետ։
- Ինչպե՞ս հիմնեցիք սեփական ընկերությունը, որն այժմ ԱՄՆ-ում խոշորագույններից է։
- Մենք սկսեցինք որպես փոքր ընկերություն, ինչպես լինում է շատ ընկերությունների դեպքում։ Ֆրեզնոյի իմ տան լրացուցիչ սենյակում ես, կինս եւ մեր երկու գործընկերները հիմնեցինք ընկերությունը 2005թ. գարնանը եւ ահա 14 տարի անց մենք ԱՄՆ-ում էլեկտրոնիկայի վերամշակման եւ սարքավորումների տվյալների ոչնչացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն ենք։
Ներկայումս ունենք ավելի քան 3 հազար հաճախորդ, 925 աշխատակից եւ մեզ համար թե՛ պատիվ է, թե հնարավորություն ոչ միայն էլեկտրոնիկան վերամշակել, այլեւ մեր գործունեությամբ աշխարհն ավելի լավ վայր դարձնելը։
- Ինչպե՞ս հայկական տեխնոլոգիական տաղանդը կարող է օգտագործվել ձեր ընկերության զարգացման համար։
- Մենք ապրում ենք Հայաստանում առկա տնտեսական հնարավորությունների ժամանակաշրջանում։ Այստեղ կարեւոր ժամանակներ են եւ այն, որ տեխնոլոգիական ոլորտը տարեկան 25% աճ է գրանցում, նշանակում է, որ էլեկտրոնիկայի օգտագործման տեմպերը կարագանան։ Միայն պատկերացրեք, որ էլեկտրոնիկայի թափոններն ամենաարագ աճ գրանցող թափոններն են աշխարհում եւ դա ներառում է նաեւ Հայաստանը։ Այլեւս անիմաստ է շրջակա միջավայր նետել հին էլեկտրոնային սարքերը, երբ հնարավոր է դրանք վերամշակել եւ օգտակար բան ստանալ։
Մեր ընկերության կողմից ամբողջ պողպատը, ալյումինը, ոսկին, արծաթը, պլաստիկը վերամշակվում է եւ օգտագործվում՝ նոր պրոդուկտներ ստանալու համար։ Անցած տարի մենք կանխարգելել ենք ավելի քան 815 մլն ֆունտ ածխածնի արտանետումներ դեպի շրջակա միջավայր եւ սա ընդամենը մեկ տարում՝ մեկ ընկերության կողմից։
Շրջակա միջավայրի վրա մեր դրական ազդեցությունը վիթխարի է: Բացի դա, մեր շուրջ 1000 աշխատակիցները բարեկեցիկ կյանք ունեն, ընկերությունն էլ լավ եկամուտ է ստանում, նույնը կարող ենք անել նաեւ Հայաստանում։
Հնարավոր է, որ եթե Հայաստանում ընկերություն ստեղծեմ, այն կարող ենք կոչել ERHye՝ ERI-ի փոխարեն (ծիծաղում է - խմբ)։
Այս այցի ընթացքում ես պատրաստվում եմ այցելել մի շարք տեղական տեխնոլոգիական ընկերություններ, ինչի արդյունքում կարող ենք սկսել համագործակցությունը Հայաստանի ծրագրավորողների հետ, ինչո՞ւ ոչ։
- Ի՞նչ ապագա ունեն վերամշակվող տեխնոլոգիաներն աշխարհում։
- Սա միայն սկիզբն է, նոր սերունդը վերցնելու է ջահը իմ նման մարդկանցից եւ իրականացնելու է կայուն զարգացման հեղափոխություն:
Իմ համոզմունքն է, որ վերամշակումը պետք է լինի պատասխանատու եւ նոր սերնդի համար հնարավորությունները վիթխարի են։ Կայուն զարգացման հեղափոխությունը հիանալի է լինելու Հայաստանի համար։
Սեպտեմբերին Նյու Յորքում լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սուրբ Վարդան եկեղեցում, նույն վայրում, որտեղ ես 35 տարի առաջ ամուսնացել էի։ Նրա ուղերձը Հայաստան գալու եւ ժամանակ անցկացնելու այստեղ, կիսվելու փորձով եւ գիտելիքով հայ քույրերի եւ եղբայրների հետ, ինձ ոգեւորեց։
Երբ եկա այստեղ, հասկացա, որ հնարավոր է ստեղծել միացյալ Հայաստան եւ ես ցանկանում եմ մասը կազմել դա իրականություն դարձնելու ճանապարհին։
Ջոն Շեգերյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը